18/09/2021 15:40
Եթե դուք պատրաստ եք ծառայել Թուրքիայի իշխանությանը, ապա մենք՝ ոչ․ «գունագեղ» տոնակատարության դեմ բողոքողներին ուժով բերման էին ենթարկում (Տեսանյութ)
«Մենք շարժվելու ենք դեպի հրապարակ։ Ինչքան էլ կոշտ միջոցներ ձեռնարկեք, մենք փողոցը չենք լքելու, մենք պայքարում ենք ձեր երեխաների համար։ Եթե տեղյակ եք, այդ համերգը, որն այդպես թիկունքով պաշտպանում եք, թուրքական ֆուռերով է սպասարկվել։ Վաղը ձեր ամեն ինչն է սպասարկվելու Թուրքիայի կողմից։ Եթե դուք պատրաստ եք ծառայել Թուրքիայի իշխանությանը, ապա մենք՝ ոչ», - հայտարարեցին Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում հավաքված քաղաքացիները, որոնք բողոքի ակցիա են նախատեսել՝ ընդդեմ սեպտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանի ազդարարած «գունագեղ» տոնակատարության։
Այս հայտարարությունից վայրկյաններ անց ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև քաշքշուկ սկսվեց, ոստիկանությունն սկսեց ուժով բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին, նրանց նստեցնել ոստիկանական մեքենաները։
Ոստիկանները թևանցուկ տարան նաև ակցիայի նախաձեռնողներից պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին։
Ոստիկանները 2 պատ են կազմել Աբովյան փողոցում, մեկը՝ սև, մյուսը՝ կարմիրբերետավորներից, որպեսզի քաղաքացիներին թույլ չտան Աբովյան փողոցից շարժվել դեպի Հանրապետության հրապարակ։
Դեռևս բերման չենթարկված քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկոլ, դավաճան»։