18/09/2021 10:43
Հոկտեմբերի 1-ից չպատվաստված աշխատակիցների մուտքն ԱԺ կարգելվի․ 168․am
168․am-ը տեղեկություններ է ստացել, որ խորհրդարանում սկսել են մարդկանց ստիպողաբար պատվաստել։
Կայքը հրապարակել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանի շրջաբերականն ԱԺ աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, խմբակցությունների ղեկավարներին, մշտական հանձնաժողովների նախագահներին և ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալներին, որով Նարիբեկյանը, վկայակոչելով առողջապահության նախարարի հրամանը, ցանկանում է ստանալ չպատվաստված աշխատողների տվյալները:
Ըստ տեղեկությունների՝ այդ տվյալներն աշխատակազմի ղեկավարին պետք են, որպեսզի չպատվաստված աշխատակիցների մուտքն ԱԺ արգելվի, հոկտեմբերի 1-ից մուտքի քարտերն արգելափակվեն, և նրանք չկարողանան մտնել ԱԺ շենք:
168․am-ը տեղեկացել է նաև, որ 2 օր առաջ խորհրդարան է ժամանել շտապ բուժօգնության բրիգադ, որը 119 համարը կրող սենյակում գրեթե ստիպողաբար պատվաստել է ԱԺ-ի 45 աշխատակիցների:
Հատկանշական է, որ այս սենյակի ուղիղ դեմ-դիմաց գտնվում է առողջապահության նախկին նախարար, ներկայում՝ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի աշխատասենյակը։ Վերջինս, ըստ տեղեկությունների, վերահսկել է պատվաստման ամբողջ գործընթացը:
«Այս պատմության ողբերգականության մեջ մի բան է անհասկանալի ու նաև զավեշտալի: Խորհրդարանում պատվաստումների պատասխանատվությունը դրված է ԱԺ աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության, զորահավաքային ծրագրերի ու քաղաքացիական պաշտպանության բաժնի վրա: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ…»,- գրել է 168․am-ը։