19/09/2021 14:08
Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպման առաջարկ է արել Էրդողանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր լրագրողերի հետ զրույցում հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպման առաջարկ է արել իրեն:
Էրդողանը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ հույս հայտնելով, որ միջանցքի բացումով Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած լարվածությունը կչեզոքացվի: Նա նշել է, որ միջանցքի բացումը քաղաքական հարց է, նշում է Report-ը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ միջանցքի հարց չեն քննարկել՝ բացառելով այդ սցենարը:
Էդրողանը նշել է, թե մտածելու տեղիք է տալիս այն, որ Փաշինյանը մի կողմից բացառում է միջանցքի հավանականությունը, մյուս կողմից՝ ցանկանում է հանդիպել իրեն:
«Դա մտորելու տեղիք է տալիս։ Եթե ցանկանում է հանդիպել ինձ, նախքան այդ պետք է ձեռնարկի հայտնի քայլերը: Մենք փակ չենք հանդիպման համար, բայց դրա համար Հայաստանը պոզիտիվ քայլեր պետք է ձեռնարկի: Վրաստանի վարչապետը փոխանցել է Հայաստանի վարչապետի առաջարկը՝ հանդիպելու մասին։ Եթե այդ հանդիպումը կայանա, ապա Թուրքիան կարող է դիվանագիտական հարաբերություններ հաստատել», - ասել է Թուրքիայի նախագահը:
Նա նշել է, որ Զանգեզուրի միջանցքի բացումը կվերացնի դժվարությունները հայ-ադրբեջանական հարաբերություններում։