20/09/2021 10:20
Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2021 թվականի առաջին կիսամյակին աճել է 16 տոկոսով և կազմել 1,9 միլիարդ դոլար․ Մհեր Գրիգորյան
Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2021 թվականի առաջին կիսամյակին կազմել է 1,9 միլիարդ դոլար՝ արձանագրելով 16 տոկոս աճ, «Ռուս-հայկական տնտեսական համագործակցություն․ հեռանկարային նախագծեր» խորագրով կլոր-սեղան-քննարկմանը հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Ներկրումն աճել է 9 տոկոսով, արտահանումը՝ 36 տոկոսով։ Ընդ որում, արտահանվող ապրանքների հիմնական մասը կազմել են թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղները, քարերը և դրանցից պատրաստված իրերը, մեքենաշինական սարքավորումները, գյուղատնտեսական, թեթև արդյունաբերական, քիմիական արտադրանքը, սննդամթերքը։ Արտահանման, առաջին հերթին՝ ոչ հումքային արտադրանքի արտահանման աճի հեռանկարներն ակնհայտ են», - ասաց նա։
Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցությունը շարունակում է թափ առնել նաև ԵԱՏՄ-ին անդամակցության շնորհիվ։
«Ներկայիս բարդ իրավիճակում ԵԱՏՄ անդամ երկրների միջև առևտրատնտեսական համագործակցությունը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության վերականգնման գլխավոր երաշխիքներից մեկը և դառնում է երկրի տնտեսական աճի և արտաքին առևտրի ներուժի բարձրացմանը նպաստող կարևորագույն դրական գործոն», - ասաց Գրիգորյանը։