20/09/2021 16:24
Վերին Լարսի անցակետի թողունակությունը 2022 թվականին կավելանա, սա լուրջ գործնական քայլ է․Դմիտրի Վոլվաչ
«Վերին Լարսի անցակետի թողունակությունը 2022 թվականին կավելանա 6,5 անգամ»,- «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» խորագրով միջոցառման շրջանակում, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը։
Դմիտրի Վոլվաչը հայտնել է, որ մինչև 2022 թվականի կեսը Վերին Լարսում կավարտվի վերակառուցումը` մարդատար ավտոմեքենաների, իսկ 2022 թվականի վերջին՝ բեռնափոխադրումների համար։
«Թողունակությունը Վերին Լարսում 6,5 անգամ կավելանա։ Օրական մինչև 2650 բեռնատար մեքենայի անցնելու հնարավորությունը կընդլայնվի՝ հասնելով օրական մինչև 3 000 մեքենայի»,-ասել է նա։
ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարարը սա լուրջ գործնական քայլ է համարել ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակում համագործակցության, ապրանքաշրջանառության աճի համար: