20/09/2021 14:30
Էրդողանի նախապայմանը Փաշինյանը գլխիկոր ընդունել է՝ Մանե Գևորգյանի մեկնաբանությամբ․ Գեղամ Մանուկյան
Էրդողանի աղմկահարույց հայտարարությունից հետո մեկօրյա քար լռություն պահելուց հետո վերջապես առաջին պաշտոնական մեկնաբանությունն է հնչել Հայաստանի կառավարությունից, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Վրաստանի վարչապետի միջոցով Թուրքիայի նախագահին ՀՀ վարչապետի կողմից հանդիպման առաջարկ ուղղելու հարցի շուրջ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանի պարզաբանումներին։
Գեղամ Մանուկյանը գրել է․
«Նախ, Փաշինյանի խոսնակի շուրթերով գավառական դիվանագետի մակարդակում գործող Փաշինյանը չի հերքում, որ նման առաջարկ Թուրքիայի նախագահին նա վրաց գործընկերոջ միջոցով արել է։ Մանե Գևորգյան՝ «Վարչապետ Փաշինյանն իր բոլոր միջազգային շփումներում գործընկերներին ներկայացնում է կառավարության ծրագրում արձանագրված՝ Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու տեսլականը և արտահայտում է այդ ուղղությամբ ջանքեր գործադրելու Հայաստանի կառավարության պատրաստակամությունը»։
Անուղղակի Փաշինյանն ընդունում է Էրդողանի նախապայմանը․ հարաբերությունների հաստատում միջանցքների տրամադրման դիմաց։ Հատուկ շեշտեմ՝ ՄԻՋԱՆՑՔՆԵՐԻ։ Քանզի Էրդողանն իր ասուլիսում հենց հոգնակի է գործածել միջանցք ձևակեպումը։ Էրդողան՝ «Այսպիսով, ես հույս ունեմ, որ այդ միջանցքները բացելով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև այս խնդիրը կհաղթահարվի»:
Էրդողանի նախապայմանը Փաշինյանը գլխիկոր ընդունել է՝ Մանե Գևորգյանի մեկնաբանությամբ։
Մանե Գևորգյան՝ «Կոմունիկացիաների բացումը բացառիկ կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում երկարատև խաղաղություն ու կայունություն հաստատելու, տարածաշրջանում ցավալիորեն առկա թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու համար, և Հայաստանը վճռական է այդ ուղղությամբ առաջ շարժվելու և արդյունքներ արձանագրելու գործում»: Ու ոչ մի բառ Փաշինյանի խոսնակի կողմից, թե նախապայմաններով չպետք է խոսել։
Վերջապես, խոսնակի այսօրվա մեկնաբանությունում ամենավտանգավոր թեզի մասին։ Արտահայտություն, որը զգուշացնում է՝ Փաշինյանը շարունակելու է իր զիջողական, դավաճանական ընթացքը և երկիրը տանում է արդեն նոր կապիտուլացիայի, այս անգամ՝ արեւմտյան սահմաններով։
Մանե Գեւորգյանն ասել է՝ «Վարչապետ Փաշինյանը բազմիցս է նշել, որ այս ճանապարհին մեզ ամուր նյարդեր են պետք և արագ ու հեշտ լուծումներ գոյություն չունեն»:
Ինչու՞ են պետք ամուր նյարդեր, որ ազգային նվաստացմա՞նը դիմանանք։
Հիշենք․ 2005-ին Էրդողանն էր նամակով խնդրանք փոխանցում Հայաստանին, հիմա արդեն Փաշինյանն է ուրիշների միջոցով գաղտնի մուրում Էրդողանից»։