21/09/2021 18:20
Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցությունը ԱԳ նախարար Բաբայանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Սեպտեմբերի 21-ին Արցախի Հանրապետության խորհրդարանի «Միասնական հայրենիք» խմբակցության անձնակազմը Ազգային ժողովում հանդիպում է ունեցել արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի և նախարարի տեղակալ Անուշ Դոլուխանյանի հետ, հայտնում են Արցախի խորհրդարանի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։
«Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղունցը շնորհակալություն է հայտնել ԱԳ նախարարին հրավերն ընդունելու համար և ընդգծել նման հանդիպումների անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով ռազմաքաղաքական մարտահրավերների և խնդիրների որակական փոփոխությունները, որոնք պահանջում են արագ, օպերատիվ արձագանքում և ճիշտ քայլերի ձեռնարկում:
ԱԳ նախարարը ողջունել է նման ձևաչափով հանդիպումները և կարևորել նաև խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունների օգտագործումը առկա իրողություններում:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել արտաքին քաղաքականության, տարածաշրջանային զարգացումների, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, արտաքին քաղաքական ճակատում միասնական հանդես գալու և այլ հարցերի վերաբերյալ: