22/09/2021 15:35
«Պարոն Ղազինյանի գերին եք, ի՞նչ է, ձեզ ազատագրե՞նք, ի՞նչ անենք». Արթուր Ղազինյանը չորրորդ անգամ չընտրվեց (Տեսանյութ)
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ էր հրավիրել։ Օրակարգում հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր։
«Հայաստան» խմբակցությունը չորրորդ անգամ առաջարդել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը։
«Արդեն չորրորդ անգամ է այս օրակարագը բերվում այս հանձնաժողով ու դա, կրկնում եմ, իշխանության պատասխանատվության տիրույթում է գտնվում, իշխանությունը չի կարող պարտադրել ընդդիմությանը փոխել իր որոշումը, ձեր որոշումը կայացրեք, հարցերը հնչել են, պատասխանները տրվել են, հետևաբար, որևէ նոր բան ես ասելու չունեմ», - ասաց Արթուր Ղազինյանը՝ դուրս գալով հանձնաժողովի նիստից։
«Ո՞ւր եք դուրս գալիս, մենակ հո՞ Պետրոս Ղազարյանին չպիտի պատասխանեք, դուք հանձնաժողովի անդամներին էլ պիտի պատասխանեք», - հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Դուք լքում եք մարտի դաշտը, պարոն Ղազինյան», - ասաց Քոչարյանը։
Նա, դիմելով ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանին, ասաց. «Անընդհատ նույն թեկնածուին բերել, որի հետ չպարզաբանված հարցեր է ծնվում, թեկնածուն դուռը շրխկացնելով դուրս է գալիս որպես ի՞նչ։ Կամ բերեք նոր թեկնածու, կամ մենք հավերժ էս օրակարգով դատապարտված ենք արտահերթ նիստ անել հինգ տարի։ Եթե ընդդիմությումը չի կարողանում իր մեջ գտնել ևս մեկ թեկնածուի, ստացվում է՝ դուք պարոն Ղազինյանի գերին եք, ի՞նչ է, ձեզ ազատագրե՞նք, ի՞նչ անենք»։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ ասաց, թե ասելքի չունի, իր դիրքորոշումը ձևակեպել է ու իմաստ չի համարում մասնակցել այս քննարկումներին։
«Ինչ վերաբերում է ընդդիմության առաջադրած թեկնածուին, ընդդիմադիր ուժերն այս մասով արդեն քաղաքական որոշում կայացրել են, դրա հիման վրա էլ Ղազինյանն արդեն չորրորդ անգամ առաջադրվել է, քայլը ձերն է, եթե այս անգամ ևս անհրաժեշտ չեք համարում քվեարկել նրա օգտին, դա արդեն ձեր իրավունքն է», - ասաց Աբրահամյանը՝ լքելով դահլիճը։
«Բերեք այլ թեկնածու, տեսնում եք, որ ձեր թեկնածուն մերժվում է», - ասաց Քոչարյանը։
ՔՊ-ական պատամավոր Վիլեն Գաբրիելյանն էլ ասաց, թե ինքը «Հայաստան» դաշինքին չի պարտադրում բերել այլ թեկնածու, բայց իրեն ոչ մեկ չի կարող պարտադրել ընտրել կոնկրետ մեկ թեկնածուի։
Անդրանիկ Քոչարյանը կոչ արեց ընդդիմությանը լուծում գտնել, որ ստիպված չլինեն նորից հավաքվել ու քննարկել այս հարցը։
Այսպիսով՝ Արթուր Ղազինյանը չորրորդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։