22/09/2021 09:43
«Ժողովուրդ». Կոռուպցիոն կոմիտեի ստեղծումից հետո ՀՔԾ-ում խառնաշփոթ է ստեղծվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 16-ին ՀՀ կառավարության նիստում ՀՔԾ արդեն նախկին պետ Սասուն Խաչատրյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ մինչ այդ դեկլարատիվ ինչ-որ մրցույթի մասնակցելուց հետո։ Ինչպես հայտնի է, նորաստեղծ այս կառույցը քննչական գործողություններ է կատարելու և իր մեջ ներառում է ՀՔԾ-ի, Քննչական կոմիտեի, դատախազության և ԱԱԾ-ի հակակոռուպցիոն գործառույթները։
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին թեև կառույցն ունի ղեկավար, սակայն դեռ կազմակերպչական աշխատանքներ են ընթանում կառույցի կազմավորման մասով։ Մենք տեղեկացանք, որ Կոռուպցիոն կոմիտեի ստեղծումից հետո ՀՔԾ-ում խառնաշփոթ է ստեղծվել: Մասնավորապես, որոշում են, թե որ գործերը թողնեն Կոռուպցիոն կոմիտեի քննության տակ, որ գործերը ուղարկեն այլ նախաքննական մարմիններ:
Անհավասար պայմաններ են ստեղծվել նաև քննչական ոլորտում. նորաստեղծ կոմիտեում քննիչները անհամեմատ ավելի բարձր աշխատավարձ են ստանալու, քան մյուս քննչական կառույցներում: Մի խոսքով, որոշվել է, որ պատերազմի հետ կապված ՀՔԾ-ում քննվող աղմկահարույց քրեական գործերը կուղարկվեն Քննչական կոմիտե: Մյուսների մասով դեռ հստակ որոշում չկա»։