22/09/2021 10:52
Դրական փաստ էր, որ մեկուկես օր անց Քասախի մոլորված բնակիչներին Ադրբեջանը վերադարձրեց. Ռուբեն Ռուբինյան
Ցավոք, այս ընթացքում ականատես ենք եղել բազմաթիվ ապակառուցողական խոսքերի և քայլերի, որոնք ստիպում են մտածել, որ խաղաղ զարգացման դարաշրջան բացելը անիրատեսական է, «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Բայց կարծում եմ՝ պետք է ամուր նյարդեր ունենանք ու համբերատար առաջ տանենք մեր օրակարգը՝ հիմնված մեր պետական շահի վրա: Այս համատեքստում գուցե պետք է փորձենք նշանակություն տալ նաև փոքրիկ դրական քայլերին»,-ասել է նա։
Անդրադառնալով Քասախի երկու բնակիչների հետ վերջերս Որոտանի մոտ տեղի ունեցած միջադեպին՝ Ռուբինյանն ասել է, թե բացասական փաստ է, որ մեր մոլորված քաղաքացիներին Ադրբեջանի զինված ուժերի կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչները բերման ենթարկեցին:
«Բայց դրական էր, որ գործնականում մեկուկես օր անց Ադրբեջանը նրանց վերադարձրեց, ընդ որում՝ իրենց իսկ վկայությամբ, Ադրբեջանում գտնվելու ընթացքում իրենք որեւէ վատ վերաբերմունքի չեն արժանացել:
Հույս ունենք, որ նմանատիպ շարունակական քայլերով հնարավորություն կստեղծվի առաջ շարժվել խաղաղության օրակարգով»,-ասել է Ռուբինյանը։