22/09/2021 19:15
InClassica միջազգային փառատոնի ընթացքում ելութ է ունեցել դուդուկահար Էմմանուել Հովհաննիսյանը
ԱՄԷ-ում անցկացվող InClassica 10-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում հանդես է եկել դուդուկահար Էմմանուել Հովհաննիսյանը։ Ելույթը բավականին հետաքրքիր էր, քանի որ երաժիշտը ներկայացրել է ստեղծագործություններ, որոնք գրված չէին դուդուկի համար։ Էմմանուել Հովհաննիսյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամերային կազմի կատարմամբ հնչել են մի շարք փոխադրումներ դուդուկի համար։ Փոխադրումները հայկական նվագարանի համար կատարել է կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 26-ը Դուբայ քաղաքում ընթանում է InClassica միջազգային փառատոնը, որի շրջանակներում ելույթ են ունեցել հեղինակավոր և աշխարհում մեծ ճանաչում ունեցող նվագախմբեր, մենակատարներ ու դիրիժորներ։ Մասնավորապես, իրենց բարձրակարգ կատարումներով երաժշտասերներին հիացրել են ջութակահարներ Գիլ Շահամը, Մաքսիմ Վենգերովը, Սերգեյ Խաչատրյանը, Դանիել Հոփը, դաշնակահարներ Մարկ-Անդրե Համելինը, Կիմ Արմսթրոնգը, թավջութակահարներ Միշա Մայսկին, Սթիվեն Իսերլիսը, տենոր Յոզեֆ Կալեյան, դիրիժորներ Միխայիլ Պլետնյովը, Սերգեյ Սմբատյանը, Մարիուս Ստրավինսկին, Դմիտրի Յաբլոնսկին և այլք։ Ելույթներով հանդես են եկել Ռուսաստանի ազգային, Հայաստանի պետական սիմֆոնիկ, Մալթայի ֆիլհարմոնիկ, Երուսաղեմի սիմֆոնիկ և այլ նվագախմբեր։ Փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է Ալեքսեյ Շորը։
InClassica փառատոնի կազմակերպիչն է Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC)։ Փառատոնի անցկացմանն աջակցում է SAMIT Event Group-ը։