22/09/2021 09:59
«Ժողովուրդ». Պատերազմից հետո դասեր չենք քաղել, իսկ Իլհամ Ալիևի հայտարարություններին պետք է ուշադիր լինել. Մովսես Հակոբյան
«Ժողովուրդ» թերթը 44-օրյա պատերազմի մեկ տարվան ընդառաջ հարցազրույցների շարք է սկսել։ Թերթի զրուցակիցն է ՀՀ ԶՈւ Շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը։
- Կրկին հետհայացք գցելով՝ կասե՞ք մի քանի քայլ, որոնք եթե արվեին, պատերազմի ընթացքը այլ կլիներ:
- Այսօր հեշտ է հետին թվով խոսելը, քանի որ կան արդյունքներ ու բացթողումներ, և այսօր դրա մասին խոսելը հեշտ է: Բայց դրանք սուբյեկտիվ կարծիքներ են, բայց դրա մասին խոսելը նաև անիմաստ է, այդ մասին պետք է հետևություններ արվեին, և կատարվեին հենց պատերազմի ժամանակ: Այսօր որևէ մեկին մեղավոր ճանաչելը չպետք է ինքնանպատակ լինի: Մեր ողնաշարը ջարդվել է, մենք կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը, որը կոչվում է Արցախի Հանրապետություն, և այստեղից մենք պետք է իրավիճակը ճիշտ գնահատենք և ճիշտ հետևություններ անենք, որ այդպիսի իրավիճակ չունենանք:
- Այդ դասերը քաղվե՞լ են:
- Ըստ ինձ՝ դեռևս ոչ: Ես մեկ օրինակ եմ ուզում բերել, որ ռազմաքաղաքական ղեկավարությունն ուշադիր լինի Ադրբեջանի ղեկավարի հայտարարություններին: Պատերազմի ժամանակ Ալիևի հայտարարությունները չլսեցին, հետևություններ չարեցին, և կարծում եմ՝ հիմա էլ ճիշտ գնահատական չենք տալիս և ջայլամի նման մեր գլուխը կախել ենք: Այսօր այդ վտանգը դեռ կա, և Ադրբեջանը քայլ առ քայլ նոր հաջողություններ է գրանցում։