22/09/2021 12:48
«Կարող ենք նույն օրվա մեջ տվյալ հիմնարկ հաճախել երկու անգամ». որքան տուգանք է սահմանված չպատվաստված կամ 14 օրը մեկ չթեստավորված անձանց համար
Հայաստանում հոկտեմբերի 1-ից պահանջ է դրված՝ կամ պատվաստվել, կամ 14 օրը մեկ թեստավորում անցնել։
Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ պահանջների խախտման դեպքում գործատուն ենթարկվում է տուգանքի։
«Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նպատակը ոչ թե տուգանքի որոշում իրականացնելն է, այլ՝ կորոնավիրուսային վարակի կանխարգելումը», - ասաց նա։
Հարությունյանի խոսքով՝ տուգանքի որոշումը ֆիզիկական անձանց նկատմամբ առաջին անգամ 10-ից 20 հազար դրամ է, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ կիրառվում է 40-ից 120 հազար դրամ տուգանք։
Հարցին՝ եթե աշխատակցիների մի մասը ոչ պատվաստված է, ոչ թեստավորված, այդ դեպքում ի՞նչ է նախատեսվում, պաշտոնյան արաձագանքեց. «Մենք կարող ենք նույն օրվա մեջ տվյալ հիմնարկ հաճախել երկու անգամ, որևէ սահմանափակում չկա։ Եթե խախտումները շատ են ու տրվել է կարգադրություն, որ պետք է վերացնեն խախտումները, այնտեղ կրկնակի ստուգայցեր են կատարվում, որ ստուգենք՝ ինչքանով է կատարվել մեր կարգադրությունը»։