23/09/2021 11:19
Իրանն Ադրբեջանի հետ սահմանային հատվածում տեղակայել է հարձակողական պատերազմ վարելու համար նախատեսված տեխնիկա. Իրանագետ
Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամաբ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Ադրբեջանի հետ սահմանային հատված է տեղափոխել հարձակողական բնույթի զինտեխնիկա և մարդկային ուժ, ֆեյսբուքի իր էջում գրել է իրանագետ Գարիկ Միսակյանը:
«ԻՀՊԿ-ի կողմից Արաքսի առափնյա շրջան է ուղարկվել դեռևս իրան-իրաքյան պատերազմի ժամանակ ձևավորված «Աշուրայի 31-րդ ցամաքային բիրգադը», որը մասնագիտացած է հատուկ գործողությունների իրականացման մեջ։ Ադրբեջանի հետ սահմանային հատված են տեղափոխվել մեծաքանակ զրահամեքենաներ, հարձակողական պատերազմ վարելու համար նախատեսված տանկեր, զրահափոխադրիչներ և հրթիառհրետանային համակարգեր, որոնց մեջ առանձնանում են 122 միլիմետրանոց հիթիռներով զինված ականանետները և 240 միլիմետրանոց «Ֆաջր-3» հրթիռակիր համակարգերը», - գրել է Միսակյանը։
Նրա խոսքով, ԻՀՊԿ ուժերի կողմից Արդաբիլ քաղաքից օդ են բարձրացվել հետախուզական բնույթի ԱԹՍ-ներ, ինչպես նաև կիրառվել են Իրանի նորագույն Qods Mohajer-6 ԱԹՍ-ները, որոնք ունակ են 200 կմ ժամ արագություն զարգացնել և ունեն 2000 կմ առավելագույն հեռահարություն, ինչպես նաև զինված են հեռակառավարվող և լազերային հակատանկային հրթիռներով։
«Միևնույն ժամանակ նշվում է, որ Թավրիզում տեղակայված ԻՀՊԿ օդատիեզերական ուժերին պատկանող երկու հրթիռային կայաններից բալիստիկ գերճշգրիտ հրթիռներով հեշտությամբ կարելի է խոցել անգամ Բաքվի մոտակայքում գտնվող Քյուրդամիրի և այլ ռազմաբազաները», - նշել է Միսակյանը։