23/09/2021 10:36
Արմավիրի մարզպետը խաղողագործներին վստահեցրել է՝ կառավարությունն անում է ամեն ինչ գյուղացիներին օգնելու համար
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է խաղողագործների հետ, նրանց ներկայացրել մթերման գործընթացում առաջացած խնդիրների լուծմանն ուղղված կառավարության հետ համատեղ Արմավիրի մարզպետարանի կողմից իրականացվող աշխատանքները:
Մարզպետը տեղեկացրել է, որ 2021 թվականի գյուղատնտեսական տարում մարզում առկա է տեխնիկական խաղողի 4500 հա բերքատու այգի՝ 80-85 հազ. տոննա բերքատվությամբ:
Ըստ նրա՝ մարզում այժմ խաղողի մթերում է իրականացնում գործող յոթ ընկերությունից 6-ը, բացառությամբ՝ «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի Ամասիայի մասնաճյուղի, որով էլ պայմանավորված՝ իրավիճակը բարդացել է:
Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ սեպտեմբերի 20-ի դրությամբ մթերվել է 28 հազ. 188 տոննա խաղող: Մթերում իրականացնող ընկերությունները, ընդհանուր առմամբ, պատրաստ են մթերելու շուրջ 60-65 հազ. տոննա խաղող: Այժմ խնդիր է առաջացել խաղողի բերքի՝ մնացյալ 20 հազ. տոննայի մթերումը կազմակերպելու հարցում, որի ուղղությամբ Էկոնոմիկայի նախարարության և համապատասխան համայնքապետարանների հետ ճշգրտվում է մթերման պայմանագիր չունեցող այգետերերի թիվը և մթերման ենթակա խաղողի ծավալը:
Մարզպետի փոխանցմամբ՝ համագործակցված աշխատանքի արդյունքում մարզում մթերում իրականացնող ընկերություններից 3-ը պատրաստակամություն են հայտնել խաղողի հավելյալ խմբաքանակ մթերելու հարցում:
Համբարձում Մաթևոսյանը խաղողագործներին հավաստիացրել է, որ կառավարության մակարդակով ամենօրյա աշխատանք է տարվում ստեղծված իրավիճակը հաղթահարելու և գյուղացուն աջակցելու հարցում։
«Վստահ եղեք, որ կառավարությունը դիմում է բոլոր հնարավոր միջոցներին այս հարցը օր առաջ կարգավորելու համար», - ասել է նա։