24/09/2021 11:36
Ղարաբաղի կարգավիճակի հարցը հեռանկար չունի. Հարավային Կովկասում նոր իրականություն է ստեղծվել․ Ալիև
2020 թվականի աշնանը Ղարաբաղում պատերազմից հետո Ադրբեջանը նոր իրականություն է ստեղծել հարավկովկասյան տարածաշրջանում, և դա պետք է յուրաքանչյուրը հաշվի առնի, ՄԱԿ ԳԱ-ի 76-րդ նստաշրջանին իր ելույթում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության և հարևաններին անօրինական, անհիմն տարածքային հավակնություններ ներկայացնելու միջև։ Միջազգային հանրությունն այս առումով դրական դեր պետք է կատարի և Հայաստանին հորդորի հասկանալ, որ խաղաղությանն այլընտրանք չկա։ Հարկավոր է վերջ տալ Հայաստանի՝ ուղիղ և անուղղակի ռևանշիզմի փորձերին և նրա սպառազինմանն աջակցելուն», - ասել է Ալիևը։
Նրա խոսքով՝ եթե Ադրբեջանը նորից բախվի «իր ինքնիշխանության» որևէ սպառնալիքի, ապա կօգտվի «ինքնապաշտպանության իր լեգիտիմ իրավունքից»։
Ալիևը նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունն ավարտվել է, այդ պատճառով Ադրբեջանն արդեն հայտարարել է խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի հետ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին՝ սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի, միմյանց ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքի հիման վրա։
Ադրբեջանի նախագահի կարծիքով՝ խաղաղությանն ու համագործակցությանը նպաստող գործոններից մեկը տրանսպորտային նախագծերը կարող են լինել։
«Այս առումով Զանգեզուրի միջանցքը մեր տարածաշրջանի համար նոր հնարավորություններ կստեղծի», - ասել է նա։
Ալիևը հայտարարել է նաև, որ Ադրբեջանի առջև Ղարաբաղի կարգավիճակի հարց բարձրացնելը լիովին անհեռանկար է։