24/09/2021 12:14
Պետք է կարգավորենք հարաբերությունները Թուրքիայի հետ, այդ կարգավորումը պետք է լինի աստիճանական. Արմեն Գրիգորյան
Ե՛վ նախընտրական փուլում, և՛ ընտրություններից հետո մենք խոսել ենք ամբողջ տարածաշրջանում խաղաղության հաստատման, խաղաղության դարաշրջանը բացելու և կայունություն ապահովելու մասին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Այդ տրամաբանության շրջանակում նաև պետք է կարգավորենք հարաբերությունները Թուրքիայի հետ, այդ կարգավորումը պետք է լինի աստիճանական։ Մենք համոզված ենք, որ այդ հարաբերությունների կարգավորման հնարավորություններից մեկը նաև բարձր և բարձրագույն մակարդակում երկխոսություն ունենալն է։ Ինչպես քաղաքական տարբեր մակարդակներով հայտարարել ենք, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, դրա տրամաբանության շրջանակում էլ կատարվել են նման հայտարարությունները և քաղաքական քայլերը», - հայտարարեց Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակի հարցին, ԱԽ քարտուղարն ասաց, թե Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման միակ և կարևոր հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է։
Նա անհասկանալի համարեց Ալիևի հայտարարությունները, թե Հայաստանը պետք է ձեռնպահ մնա Ղարաբաղի կարգավիճակի հարցից։