24/09/2021 11:56
Ակնհայտ է, որ գաղտնի կապեր և բանակցություններ կան Հայաստանի և Թուրքիայի միջև և դա չի բխում ՀՀ շահերից. Իշխան Սաղաթելյան
Ակնհայտ է, որ գաղտնի կապեր և բանակցություններ կան Հայաստանի և Թուրքիայի միջև, լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Եվ դա չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից։ Շատ հստակ է՝ Թուրքիան վերջին 20 տարիների ընթացքում մեր առջև դրել է 3 պայման, դրան ավելացել է ևս մեկը՝ միջանցք Սյունիքով», - ասաց նա։
Սաղաթելյանը հիշեցրեց Թուրքիայի պահանջները՝ հրաժարում Արցախից, հրաժարում Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից, ճանաչել Թուրքայի տարածքային ամբողջականությունը։
«Շատ հստակ հարց եմ տալիս, Հայաստանի իշխանություններն այս 4 պահանջից ո՞ր մեկն են պատրաստ բավարարելու։ Ես իրենց որևէ պնդմանը, թե միջանցք չի լինելու, չեմ հավատում և դրա բոլոր հիմքերն ունեմ։ Իրենք ինչ ասել են, արել են հակառակը», - ասաց Սաղաթելյանը։
Նա նշեց, թե իրենց պայքարի օրակարգից երբեք չեն հրաժարվում, այն է՝ այս իշխանություններն օր առաջ պետք է հեռանան, իսկ դրա համար անհրաժեշտ է ժողովրդի նոր համախմբում, ավելի լայն զանգվածների կազմակերպում։
«Այո՛, մենք սկսելու ենք փողոցային պայքարը, որովհետև միայն խորհրդարանական գործունեությամբ երկրի առջև կանգնած մարտահրավերները չենք կարող չեզոքացնել», - ասաց Սաղաթելյանը։