24/09/2021 15:29
Եթե ՄԱԿ-ում Փաշինյանի այսօրվա ելույթն ունենա պարտվողական բնույթ, չունենա ազգային արժանապատվության առանցք, նշանակում է՝ իշխանական խունտան երկիրը կործանելու է․ Պատգամավոր
«Երբ տևական ժամանակ թշնամի երկրից եկող ազդակներին՝ ոչ «դրական» ազդակներին, քանի որ գործող իշխանական խունտան թշնամու միայն «դրական» ազդակներն է ուզում տեսնել, տարբեր մակարդակներով հայտարարություններին, որոնք պարունակում են լկտի լեքսիկա՝ մեր երկրի նկատմամբ, զրո արձագանք է լինում՝ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի, ԱԳՆ-ի, գոնե խորհրդարանի պատգամավորների մակարդակով, և Ալիևին պատասխանում ենք մենք՝ ընդդիմադիրներս, վերջնարդյունքը լինում են նմանօրինակ ելույթները՝ ՄԱԿ-ում»,- անդրադառնալով ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանին Ադրբեջանի նախագահի ելույթի շեշտադրումներին՝ ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ ճեպազրույցում։
Նա ընդգծել է, որ թշնամի երկրի ղեկավարի հնչեցրած մտքերը ծայրահեղ վտանգավոր են մեզ համար։
« Օրինակ՝ «Արցախի հարցը փակված է» մոտեցումը, որին, դեռևս մի փոքր հույս ունեմ, որ այսօրվա Փաշինյանի ելույթում կլինի անդրադարձ։ Եթե ՄԱԿ-ում Փաշինյանի այսօրվա ելույթն ունենա նույն պարտվողական, կեղծ խաղաղասիրական բովանդակությունը, չունենա ազգային արժանապատվության հստակ առանցք, ապա մենք կարող ենք վերջնականապես փաստել, որ այս իշխանական խունտան ամեն ինչ անելու է, որպեսզի մեր երկիրը կործանվի», - ասել է Մամիջանյանը։