24/09/2021 16:53
Հակոբը որոշ բաներ է խոսել, որ պետք է չխոսեր, բայց ես ներողամիտ եմ․ Սանոսյանը՝ Գեղամասարի համայնքապետին դատելու և համայնքը ցրելու իր հայտարարության մասին
Եկեք ես մանրամասն ամեն ինչ չմեկնաբանեմ։ Իհարկե, բազմաթիվ քննարկումներ, խոսակցություններ ես և Հակոբ Ավետյանն ունեցել ենք․ 3 տարի մարզպետ եմ աշխատել, ինքն էլ՝ համայնքապետ։ Ինչ վերաբերում է համայնքը ցրելուն, բացարձակ ոչ մի անգամ նման խոսակցություն չի եղել։ Երբ ես մարզպետ էի, այդ ժամանակ դեռ չէր քննարկվում Գեղամասարը, Վարդենիսը, մյուս համայնքները միավորելը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ արձագանքելով Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի՝ ավելի վաղ արած հայտարարությանը։
Ավետյանը սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի համայնքների միավորման դեմ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել էր․ «Ինձ հենց Գնել Սանոսյանն ասել է՝ խոստանում եմ, դու դատվելու ես, համայնքը ցրելու եմ», նաև մանրամասնել էր, թե ինչու է իր դեմ դատական պրոցես սկսվել։
«Ով հարկն ուշացրել է անցյալ տարի, պատերազմի ժամանակ, ԱԱԾ-ն քննություն է սկսել, դատական պրոցես է սկսվել նաև իմ դեմ, թե ինչո՞ւ անցյալ տարի հարկերը չեք հավաքել։ Այսինքն, չե՞ն հասկանում, որ պատերազմի ժամանակ տղերքը պատերազմում են, չենք զանգելու, ասենք՝ բեր հարկը տուր։ Հիմա իմ վրա գործ է հարուցվել, թե ինչո՞ւ հարկերը չեմ հավաքել, համայնքը վնաս է կրել։ Ու այդ մարդկանց պետք է դատի տան։ Պատերազմի ժամանակ, որդին զոհված, ես պիտի գնամ, էդ մարդուն ասեմ՝ հարկերը պիտի տա՞ս», - ասել էր Ավետյանը։
Գնել Սանոսյանն այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում նշեց, որ հարկերի խնդիրը պատերազմի հետ կապելու կարիք չկա։
«Հակոբը որոշ բաներ է խոսել, որ պետք է չխոսեր, բայց ես ներողամիտ եմ, անցնենք առաջ», - ասաց նա։
Սանոսյանը Գեղամասարի համայնքապետին դատելու մասին խոսակցությանը ևս անդրադարձավ։
«Ես ասել եմ, պարո՛ն Հակոբ Ավետյան, Դուք, որպես համայնքի ղեկավար, այսքան մեծ պարտքերը, որ կուտակվել են ու չեք հավաքում, ու ձեր մոտ հարկերի հավաքագրումը ամենավատ տոկոսն է կազմում, ունեք հետևյալ գործառույթը՝ կամ պետք է պայմանագրերը խզեք, կամ ԴԱՀԿ դիմեք, որպեսզի վերցնեք։ Եթե դրանցից ոչ մեկը չանեք, կդառնա անգործություն, վաղը Ձեզ կդատեն դրա համար», - նշեց նա։
Սանոսյանը պնդեց նաև, որ Ավետյանին հրաժարականի պահանջ չի ներկայացրել։
«Ես բազմաթիվ անգամ Հակոբ Ավետյանին ասել եմ՝ հարգելի՛ Հակոբ Ավետյան, կողմնորոշվիր՝ զբաղվել բիզնեսո՞վ, գյուղատնտեսությա՞մբ, թե՞ համայնքով, որովհետև էսպես որ գնա, երկուսն էլ տապալում ես։ Կամ գյուղը թող, գնա բիզնեսով զբաղվիր, կամ բիզնեսը թող, գյուղով զբաղվիր», - պարզաբանեց Սանոսյանը։