24/09/2021 09:47
«Հրապարակ». Պաշտոնական այցով Մոսկվա մեկնող ԱԺ նախագահի գլխավորած պատվրակության մեջ ընդդիմադիրներ չկան
«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 3-6-ը նախատեսվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջին պաշտոնական այցը Ռուսաստան՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով։ Ուշագրավ է, որ Ալեն Սիմոնյանը մոտ 20 հոգանոց պատվիրակության կազմում չի ընդգրկել որևէ ընդդիմադիր պատգամավորի` միակուսակցական պատվիրակություն է մեկնում։ Պատվիրակության կազմում նրա մտերիմ երկու գործարարներն են` Խաչատուր Սուքիասյանն ու Գուրգեն Արսենյանը:
Մեկնելու են նաև Վլադիմիր Վարդանյանը, ով օրերս էր Մոսկվայում ընտրությունները դիտարկում, Անդրանիկ Քոչարյանը, Սիսակ Գաբրիելյանը, Արթուր Հովհաննիսյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Ծովինար Վարդանյանը և աշխատակազմի ներկայացուցիչներ»։
Թե ինչու ընդդիմադիրներ չեն ընդգրկվել, ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանն ասել է․ «Քանի որ սա պաշտոնական այց է` հրավիրված է ԱԺ նախագահը, պատվիրակության կազմն էլ ինքն է որոշել»: Ի դեպ, խոսնակը ևս պատվիրակության կազմում է»։