24/09/2021 12:01
Թևակոխում ենք Հյուսիս-հարավ մայրուղու Սիսիան-Քաջարան հատվածի շինարարական գործընթացի մեկնարկի փուլ. պետք է պատվով կատարենք խնդիրը. Վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 4-ի շրջանակում Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ներդրումային ծրագիրը հաստատելու և նախաորակավորման ընթացակարգի կազմակերպման առանձնահատկությունները սահմանելու մասին որոշման նախագիծը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ասաց, թե ծրագիրն ունիկալ է մեր երկրի զարգացման համար:
«Վստահաբար, մենք ավելի ինտենսիվ կաշխատենք: Խնդրում ենք կառավարության դրական դիրքորոշումը», - ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե սրանով արդեն թևակոխում են Հյուսիս-հարավ մայրուղու Սիսիան-Քաջարան հատվածի շինարարական գործընթացի մեկնարկի փուլ:
«Հայտարարելու ենք միջազգային մրցույթ, որից հետո հույս ունենք, որ 2022 թվականի ավարտին արդեն շինարարության նախնական փուլը կմեկնարկի», - ասաց նա:
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի խոսքով` առավել բարդը Քաջարանի թունելի հատվածն է, որին պետք է առանձին անդրադառնան:
Վարչապետն ասաց, թե հույս ունի` կտեսնի նոր որակ ու կայացված որոշումների արդարացվածություն:
«Սա շատ լուրջ մարտահրավեր է ու պետք է պատվով կատարենք խնդիրը, սա նոր որակ կբերի մեր տնտեսությանը, Իրանի հետ մեր տնտեսական կապերի ամրապնդմանը, նաև որոշակի հետաքրքություն կառաջացնի Պարսից ծոցը Սև ծովին կապելու նախագծերի շրջանակում, եթե հարցը դիտարկում ենք ավելի լայն համատեքստում, տարածաշրջանային բոլոր տնտեսական կոմունիկացիաների բացման համար սա բոլորվին ուրիշ նշանակություն է ստանում», - ասաց Փաշինյանը: