24/09/2021 12:30
Դիմելու ենք ՍԴ՝ պատվաստվելու կամ ՊՇՌ թեստ հանձնելու հրամանի գործողությունը կասեցնելու պահանջով․ Վարդևանյան
Արդեն իսկ ԱԺ պատգամավորների 1/5-ի ստորագրություններն առկա են՝ շատ հայտնի, քննարկված և հանրության ստվար զանգվածին օբյեկտիվորեն զայրացրած, Առողջապահության նախարարի՝ օգոստոսի 26-ի հրամանի առնչությամբ։ Դրա վերաբերյալ դիմելու ենք Սահմանադրական դատարան։ Դիմելով ՍԴ՝ խնդրելու ենք նաև կասեցնել այդ հրամանի գործողությունը, ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող պատվաստվելու կամ 14 օրը մեկ ՊՇՌ թեստի արդյունք ներկայացնելու հրամանին։
Վարդևանյանն ընդգծեց, որ պատվաստումները կարևոր են, բայց պատվաստվելու որոշումը քաղաքացին անձամբ և գիտակցված պետք է կայացնի։
«Մենք ամեն օր պետք է տեսնենք, թե ինչպես է կառավարությունը սոցիալական գովազդներով, այլ հարթակներում բացատրում, թե ինչի համար է պետք պատվաստվել։ Բայց երբ դրա փոխարեն նվազագույն աշխատավարձի նման ցածր պայմաններում մարդկանց ասում են՝ գնացեք, ձեր գրպանից 14 օրը մեկ ՊՇՌ հետազոտման ենթարկվեք կամ էլ գնացեք ու պատվաստվեք, ստացվում է հարկադրանք։ Պետությունն ինչո՞ւ չի ուզում այդ ծախսն իր վրա վերցնել։ ՊՇՌ հետազոտման ծախսերը թող պետությունը սուբսիդավորի։ Ի դեպ, սա ՍԴ դիմում ներկայացնելու հիմնավորումներից մեկն է», - ասաց Վարդևանյանը։