24/09/2021 19:30
Պատվաստումը անուղղակի պարտադրանքի վերածելու իշխանության որոշման հարցով «Հայաստան» խմբակցությունը դիմել է Սահմանադրական դատարան
«Հայաստան» խմբակցությունը, հաշվի առնելով հանրային արձագանքը, ինչպես նաև հերթական անգամ օբյեկտիվ քննադատությունն անտեսելու իշխանական վարքագիծը, այսօր մուտքագրել է Սահմանադրական դատարանին հասցեագրված դիմում՝ վիճարկելով առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի ընդունած և հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանը, որով պատվաստումը վերածվում է անուղղակի պարտադրանքի, իսկ բոլոր աշխատողների վրա դրվում է անհամաչափ և ոչ իրավաչափ պարտականություն 14 օրը մեկ սեփական միջոցներով ՊՇՌ հետազոտում իրականացնել։
«Ակնհայտ է, որ այս իշխանությունները հերթական անգամ ֆինանսական բեռը թողնում են հանրության վրա, այն պարագայում, որ միջազգային փորձում տարածված էր այն մոտեցումը, որ հետազոտման ծախսերը հոգում է հենց կառավարությունը:
Դիմումի հետ միաժամանակ ներկայացվել է միջնորդություն կասեցնել հրամանի գործողությունը մինչև գործի դատաքննության ավարտը: Սահմանադրական դատարանում որպես դիմողի ներկայացուցիչ հանդես կգա «Հայաստան» խմբակցության պատգամավոր, սահմանադրագետ Արամ Վարդևանյանը», - հայտնում է «Հայաստան» խմբակցությունը։