25/09/2021 17:17
Արցախի պետական դրոշն այսօր իջեցվել է Ամարասի վանքի վրայից. Մաճկալաշենի համայնքապետ
Այսօր բարձրաստիճան ռուս սպա է եկել գյուղ, խնդրել, հետո արդեն կոշտ կերպով ասել, որ Ամարասի վանքի վրայից հանենք Արցախի Հանրապետության պետական դրոշը. այդպես էլ արել ենք։ Այս պահին վանքի վրա ոչ մի դրոշ չկա՝ ոչ Արցախի, ոչ Հայաստանի Հանրապետության, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Մաճկալաշեն համայնքի համայնքապետ Լեռնիկ Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահներն ավելի վաղ տեղեկացրել են, որ մաճկալաշենցիները վանքի վրա կարող են ՀՀ պետական դրոշն ամրացնել, սակայն այսօր արդեն պնդել են, որ վանքի վրա խաչ կա, և այդքանը բավական է։
«Դրոշ երևի չի էլ լինելու։ Ռուս սպան ասել է, որ այլևս չդնենք, հակառակ դեպքում վանքի տարածքում մարտական հերթապահություն կսահմանեն, որպեսզի թույլ չտան։ Մենք հասկացել ենք նրանց», - ասաց մեր զրուցակիցը։
Հարցին՝ փորձել են արդյոք ադրբեջանցիները կրկին առաջանալ Ամարասի վանքի ուղղությամբ, ինչպես արել էին օրեր առաջ, Լեռնիկ Ալեքսանյանը բացասական պատասխան տվեց։
Հիշեցնենք, որ վանքի վրա Արցախի պետական դրոշն ամրացվելել էր 44-օրյա պատերազմի ավարտից հետո։ Օրերս այն հանվել էր, բայց երեկ՝ սեպտեմբերի 24-ին, կրկին ամրացվել։