25/09/2021 17:11
Ռազմաքաղաքական ղեկավարությունը կրկին ճիշտ չի գնահատում իրավիճակը․ Մովսես Հակոբյանը՝ բանակում առկա խնդիրների մասին
Պատերազմից անմիջապես հետո երկրի ղեկավարությունը պետք է ձեռնամուխ լիներ բանակի պոտենցիալը վերականգնելուն, armlur.am-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մոսես Հակոբյանը՝ ընդգծելով, որ ռազմաքաղաքական ղեկավարությունը կրկին ճիշտ չի գնահատում իրավիճակը և բացթողումներ է թույլ տալիս, որոնք ճակատագրական կարող են լինել։
Բանակին առնչվող խնդիրներից Մովսես Հակոբյանն առանձնացրել է ղեկավար կազմի և կռվող զորքի բալանսի խախտումը, բանակի բյուջեի ֆինանսավորման համաչափությունը։
«Իմ տեղեկություններով՝ մեր բանակի բյուջեի մոտավորապես 70 տոկոսն աշխատավարձն է։ Ստացվում է, որ մարդիկ չեն ուսուցանվում, որովհետև ուսուցման համար բավականին լուրջ գումարներ պետք է ծախսվեն՝ զորավարժություններ, տարբեր կրակային պարապմունքներ։ Զինծառայողները բավականին հագեցված չեն արդի սպառազինությամբ և չգիտեմ՝ զարգացման համար գումար մնու՞մ է, թե՞ չէ։ Պոպուլիստական քայլերով, մարդկանց կենցաղը լավացնելով՝ գտնում ենք, որ բանակի մարտունակությունը դրա մեջ է», - ասել է նա։
ԶՈՒ ԳՇ նախկին պետը չափազանց կարևորել է նաև զինվորների բարոյահոգեբանական վիճակն իրապես բարձրացնելու անհրաժեշտությունը, ինչի առաջին նախապայման է համարել զորքի պատրաստվածության ու զինվածության մակարդակը։
«Թեպետ վարչապետը մի քանի անգամ հնչեցրել է, որ այսօրվա զինված ուժերը պիտի գիշեր-ցերեկ զբաղվեն պատրաստվածությամբ, բայց իրականում այդպես չէ», - ասել է նա։
Պարտադիր զինծառայության ժամկետը մեկ տարով կրճատելու նախաձեռնությունը Մովսես Հակոբյանը հանցագործություն է համարել։
«Հնչեցնում եմ, որ հանցագործություն է կատարվում՝ նորից իրավիճակը ճիշտ չգնահատելով։ Մեր ժողովրդի կատարած վերջին ընտրություններից ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է հետևություններ աներ։ Մեր ժողովուրդը, ինչպես վարչապետն է հնչեցնում, խաղաղություն է ուզում և պատերազմելու ցանկություն չունի, իրենց մանդատ է տվել՝ ապահովելու խաղաղությունը։ Սրանից պետք է բխի, որ իրենք չեն կարողանալու բանակը պայմանագրային հիմունքներով համալրել այնպիսի զինծառայողներով, որոնք իրականում բանակին պետք են, և պարտադիր զինծառայությունը մեզ համար մնալու է դեռևս պարտադիր, որովհետև խնդիրները շատ են, արտաքին վտանգները քաղաքական միջոցներով դեռ չենք չեզոքացրել, ինչին ամեն օր ականատես ենք լինում մեր սահմանի տարբեր հատվածներում», - ասել է ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետը։