25/09/2021 11:37
Համավարակի տարածումն իրապես կանխելու համար թեստավորումը պետության կողմից պետք է լիներ անվճար․ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Արդեն երկրորդ տարին է, ինչ մենք կորոնավիրուսի թակարդում ենք, բայց ամբողջ աշխարհի զարգացած երկրները՝ Մեծ Բրիտանիա, Իսրայել, եվրոպական երկրներ և այլն, վարում են համավարակի վիճակագրություն, իսկ մեզ մոտ վիճակագրություն ասվածը կայանում է միայն վարակվածների ու մահացածների թվերը ներկայացնելով։ Չի ասվում, օրինակ, թե պատվաստվածների քանի տոկոսն ունի ստույգ իմունիտետ, ինչն արվում է այլ երկրներում, 168 TV-ի «Ռեվյու» հաղորդմանն ասել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պետրոս Անանիկյանը։
Խոսելով Առողջապահության նախարարի հրամանի մասին՝ Պետրոս Անանիկյանը մասնագիտական անգրագիտություն է համարել պահանջը, որ եթե քաղաքացին հրաժարվում է պատվաստվելուց, ապա պարտավոր է իր հաշվին 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնել։ Նա շեշտել է, որ վարակվածությունը ճիշտ է ստուգել 3 օրը մեկ։
«Պատվաստումը, կրկնում եմ, պետք է լինի կամավոր։ ․․․ Վարակվածությունը պետք է ստուգել երեք օրը մեկ, դրանից հետո հանգիստ կարելի է վարակվել։ Համաճարակաբանության տեսանկյունից ճիշտը 3 օրը մեկ թեստ հանձնելն է, ոչ թե 15 օրը մեկ. դա անգրագիտություն է, իսկ թեստավորումը պետության կողմից պետք է լիներ անվճար, որպեսզի իսկապես համավարակի տարածումը կանխվեր։ Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ հիվանդացած և լավացած մարդիկ ունեն բնական իմունիտետ, որը բավականին ամուր է», - ասել է նա։
Պրոֆեսորն ընդգծել է նաև հակամարմինների թեստ հանձնելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ Քովիդով հիվանդացած և լավացած մարդիկ արդեն հակամարմիններ ունեն, ուստի հարց է առաջանում՝ ինչո՞ւ նրանք պետք է պատվաստվեն։
«Անգլիան և Իսրայելը արդեն թվերով են ապացուցել, որ պատվաստված մարդու իմունիտետը պահվում է 3 ամիս և այդ իմունիտետը շատ ավելի թույլ է, քան՝ վարակված և առողջացած մարդկանց իմունիտետը, որոնց մոտ բնական իմունիտետը պահվում է մինչև 1.5 տարի։ Այնպես որ, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանի մեջ հստակ պետք է ամրագրվեր հետևյալը՝ մարդիկ, որոնք հիվանդացել-լավացել են, պետք է հանձնեն հակամարմինների թեստ, որովհետև եթե հակամարմիններ կան, էլ ինչի՞ համար են պատվաստում. չէ՞ որ պատվաստում են, որ մարդու մոտ հակամարմին առաջանա։ Երկրորդ արձանագրումը, որը պետք է արվեր, այն է, որ պետք է թեստ հանձնեն 3 օրը մեկ։ Պետք է նաև ամրագրել, որ հղիների, ալերգիկների և կերակրող մայրերի համար պատվաստումը հակացուցված է», - ասել է Պետրոս Անանիկյանը։