27/09/2021 12:40
Իշխանությունը չի առաջնորդվում կարճ ժամանակում պետությունն ուժեղացնելու քաղաքականությամբ. Մելքումյան
Ղարաբաղյան երրորդ պատերազմում հանուն հայրենիքի ընկած հերոսների հիշատակը հարգելու համար Եռաբլուր պանթեոն էր այցելել նաև ԲՀԿ անդամ Միքայել Մելքումյանը։
Լրագրողների հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ հայ ժողովուրդը երբեք չպետք է հաշտվի պատերազմում պարտության հետ, այլ պետք է ապրի այն իղձով, որ վաղ, թե ուշ, պետք է իր հաղթանակը տանի։
Մելքումյանը նաև մտահոգություն հայտնեց, որ գործող իշխանությունը չի առաջնորդվում կարճ ժամանակում պետությունն ուժեղացնելու քաղաքականությամբ։
«Չգիտեմ՝ ինչ ծրագրեր են մշակվում, ինչ են անում, ոնց են անում, բայց արագ, նորից ինքնուրույն գործոն դառնալու քաղաքականություն ես չեմ տեսնում», - ասաց նա։
Իշխանափոխության պահանջով ընդդիմության պայքարին ԲՀԿ-ի միանալու հնարավորության հարցին ի պատասխան՝ Միքայել Մելքումյանն ասաց, որ ընդդիմությունը, որը մի քանի անգամ արդեն նախաձեռնել է այդպիսի պայքար, պետք է հստակ հաշվարկի այն ձևաչափը, որով այն պետք է թարմացնի և իրականացնի։
Դիտարկմանը, որ ԲՀԿ նախագահն արդեն հայտարարել է, որ հրաժարվում է միանալ այլ ուժերի, Միքայել Մելքումյանն արձագանքեց․
«Չարաչար սխալվում եք, Գագիկ Ծառուկյանը և ԲՀԿ-ն իրենց տեղում են։ Ոնց որ եղել են իրենց տեղում, հիմա էլ են իրենց տեղում։ Մենք մեր ինքնուրույն քաղաքականությունն ենք վարում, և մեր դռները բաց են բոլորի առջև։ ԲՀԿ-ի ծրագրերը կընդունեն, կշարժվեն առաջ՝ մենք կհամագործակցենք բոլորի հետ։ Չեն ընդունի՝ չենք համագործակցի»։
Հարցին, թե ԲՀԿ-ի ծրագրերում կա՞ իշխանափոխության պահանջ, Մելքումյանը պատասխանեց․ «Ասացի այն, ինչ ասացի»։