27/09/2021 10:27
Հաստատակամ ենք ամրապնդելու և զարգացնելու մեր անկախ և ինքնիշխան պետականությունը՝ բացառելով ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում. Արցախի ԱԳՆ
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ պատերազմի սանձազերծման տարելիցի կապակցությամբ:
«Մեկ տարի առաջ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը՝ Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների անմիջական մասնակցությամբ ու աջակցությամբ, լայնածավալ պատերազմ է սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ։
44 օր տևած ագրեսիայի ընթացքում Ադրբեջանն Արցախի բնակչության դեմ կիրառել է միջազգային կոնվենցիաներով արգելված ոչ ընտրողական զինատեսակներ` մեծ վնաս հասցնելով տնտեսական ու քաղաքացիական ենթակառուցվածքներին և շրջակա միջավայրին։ Պատերազմի հետևանքով հազարավոր մարդկանց կյանքեր են կորսվել, իսկ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն օկուպացվել է։ Հանցավոր եռադաշինքի ագրեսիան հաջողվել է կանգնեցնել միայն տարածաշրջանում ռուսական խաղաղապահ առաքելության տեղակայման շնորհիվ։
Սակայն անգամ ռազմական գործողությունների դադարեցումից հետո Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ակնհայտ ագրեսիվ, հայատյաց և զավթողական քաղաքականությունը՝ կոպտորեն խախտելով բոլոր պայմանավորվածությունները, միջազգային իրավունքի նորմերն ու մարդասիրության սկզբունքները։
Առ այսօր Ադրբեջանում անմարդկային պայմաններում պահվում են բազմաթիվ ռազմագերիներ և պատանդներ, որոնք ենթարկվում են կտտանքների և նվաստացուցիչ վերաբերմունքի։
Արցախի օկուպացված տարածքներում համակարգված կերպով իրականացվում է մշակութային ցեղասպանություն, հայկական պատմական ժառանգության ոչնչացում։
Պարբերաբար խախտվում է հրադադարը՝ հոգեբանական ճնշման և ահաբեկման միջոցով Արցախը հայաթափելու նպատակով։
Այսօր, առավել քան երբևէ, հաստատակամ ենք՝ ամրապնդելու և զարգացնելու մեր անկախ և ինքնիշխան պետականությունը և ինքնուրույն որոշելու մեր քաղաքական ապագան՝ բացառելով ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում։
Արցախի արտաքին քաղաքական առաջնահերթությունները շարունակում են մնալ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը, աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը, Արցախի տարածքների դեօկուպացիան, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացի շարունակումը՝ Արցախի լիիրավ մասնակցությամբ, տարբեր երկրների ու կառույցների հետ հարաբերությունների զարգացումը։
Բոլոր այս նպատակների արդյունավետ իրականացման գրավականը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդումը և իրատեսական ու պետականահեն արտաքին քաղաքականության վարումն է։
Այս վշտալի օրը մենք հպարտանում ենք հայրենիքի պաշտպանների քաջությամբ ու հերոսությամբ և հարգանքի տուրք մատուցում Արցախի ազատության ու անկախության համար իրենց կյանքը զոհաբերած նվիրյալների հիշատակին։ Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը»,-ասված է հայտարարությունում։