27/09/2021 17:50
Պատերազմի այս էջը չի փակվելու այնքան ժամանակ, քանի դեռ պատասխանատուները, մեղավորներն անպատիժ են և կարողանում են գնալ Եռաբլուր, ինչի իրավունքը չունեն․ Աբրահամյան
«Պատերազմում մեր պարտությունն սկսվեց 2018 թվականի հայտնի իրադարձությունների ժամանակ, երբ իշխանության եկավ մի ուժ, որի նպատակը ՀՀ և Արցախի անվտանգության համակարգի փուզումն էր, մեր պետականության հիմքերի թուլացումը, դիվանագիտական և մնացած բոլոր ոլորտներում վերջին 30 տարիներին բավականին ծանր գնով ձեռք բերածը տապալելը», - 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ հրավիրված ասուլիսում կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Իր թվարկած գործոնների հետ մեկտեղ Աբրահամյանը պատահական չհամարեց նաև 2020 թվականի պատերազմի առաջին օրերին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունը, թե ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու։
«Պատերազմում պարտության անոնսը իշխանությունը պատերազմի առաջին օրերին արդեն տվեց», - ասաց նա։
Պատգամավորը նշեց, որ իշխանության պնդումները, թե պատերազմն անսպասելի էր, իրականությանը չեն համապատասխանում։
«Մենք երկար բարձրաձայնում էինք պատերազմի վտանգի մասին՝ հատկապես Տավուշի հայտնի իրադարձություններից հետո, երբ ակնհայտ էր, որ Թուրքիան ու Ադրբեջանը ճակատի բոլոր ուղղություններով զորավարժություններ էին սկսել՝ զուգահեռաբար մոբիլիզացնելով ամբողջ ռազմական, դիվանագիտական, տեղեկատվական ռեսուրսները։ Թուրքիայի և Ադրբեջանի ոլորտային ուղղություններով բոլոր հնարավորությունները ներդաշնակեցվում էին, և այդ պայմաններում նույնիսկ հատուկ մասնագիտական կառույցներ պետք չէր ունենալ՝ գիտակցելու, որ իրականում պատերազմը մոտ է», - ասաց Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ այս և այլ գործոններ հստակ կասկածի տեղիք են տալիս, որ 44-օրյա պատերազմն իրականում սպասված էր։
«Այլ բան է, որ այս իշխանությունը ոչ միայն մտադիր չէր, այլև որևէ քայլ իրականում չարեց՝ այս պատերազմում հայկական կողմի համար գոնե որոշակիորեն այլ արդյունք արձանագրելու ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանի՝ այս ծավալով պարտությունը ոչ միայն այդ պահին է մեզ համար եղած հետևանքները թողել, այլ պատերամից մեկ տարի անց էլ վտանգները՝ սկսած հայրենիքի կորստից, վերջացրած Հայաստանում ու Արցախում ապրող ցանկացած քաղաքացու անվտանգությամբ, շարունակում են մնալ։ Պատերազմի այս էջը չի փակվելու այնքան ժամանակ, քանի դեռ պատասխանատուները, մեղավորներն անպատիժ են, քանի դեռ այս մարդիկ կան ու կարողանում են գնալ Եռաբլուր և խոսքեր ուղղել մարդկանց, ինչի իրավունքն իրենք չունեն», - ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։