27/09/2021 19:40
Եթե մի մարդ հայտարարում է, որ մեզ բանակ պետք չէ, թուրքն էլ մեր «ախպերն» է, ո՞նց կարող է Հայաստանի ղեկավար լինել․ զոհված զինծառայողի հայր
«Նրա գլխավոր խոսքն է եղել՝ «պոստը» սուրբ տեղ է, պետք է լավ պահել», - Եռաբլուրում հերոս որդու մասին է պատմել հայրը՝ Tert․am-ի թղթակցի հետ զրույցում։
Զոհված զինծառայողի հայրը հպարտությամբ ասել է, որ որդու զինակից ընկերներն իրեն պատմել են, թե ինչպես է նա մարտի դաշտում բոլորի մասին հոգ տարել, հատկապես՝ նորակոչիկների։
Եթե պատերազմը չլիներ, Մատաղիսում կռվող զինվորը տուն կգար 2020 թվականի հունվարին։
«Հարցերի պատասխանները չեմ գտել ու հույս էլ չունեմ, որ կգտնեմ։ Ծածկադմփոց կանեն, կգնա»,- ասել է զոհված զինծառայողի հայրն ու շեշտել, որ պատերազմից մեկ տարի անց էլ մեղավորներին պատասխանատվության չեն ենթարկում։
«Ո՞վ է մեղավոր։ Մեղավորներին եմ փնտրում՝ միայն իմ որդու չէ, բոլորի համար»,- ասել է նա։
Թուրքիայի ու Ադրբեջանի հետ «բարեկամանալու»՝ իշխանության կոչերին ու նախաձեռնություններին 44-օրյա պատերազմում ընկած զինվորի հայրն այսպես է արձագանքել․ «Եթե թուրքերի հետ մենք խաղաղության գնացինք, ուրեմն պետք է մոռանանք 1915 թիվը։ Ադրբեջանի հետ էլ խաղաղության գնալով՝ սա (պատերազմն ու հետևանքները – խմբ․) պիտի մոռանանք։ Եթե մի մարդ հայտարարում է, որ մեզ բանակ պետք չէ, թուրքն էլ մեր «ախպերն» է, ո՞նց կարող է նա Հայաստանի ղեկավար լինել, ո՞նց կարող է»։