28/09/2021 15:31
Նշելով, որ Արցախի կարգավիճակի հարցը դեռևս լուծված չէ, եռանախագահող երկրներն ուղղակիորեն ընդգծել են, որ Արցախը Ադրբեջան չէ․ Դավիթ Բաբայան
«Կարծում եմ՝ խաղաղապահ առաքելությունը կերկարաձգվի այն պարզ պատճառով, որ դժվար թե 2025 թվականին հակամարտությունը կարգավորվի։ Իսկ խաղաղապահ առաքելությունը սովորաբար դադարեցնում է իր աշխատանքը, եթե հակամարտությունը կարգավորված է համապարփակ ձևով։ Եթե կարգավորված չէ, այդ դեպքում ի՞նչ տրամաբանություն կա՝ խաղաղապահ առաքելություն բերել, տեղակայել ընդամենը 4 տարով, 5 տարով, եթե նույնիսկ այդ ժամանակահատվածում նույնպես կարգավորված չի լինելու հիմնախնդիրը։ Հետևաբար, պետք է պարզապես աշխատենք, ճիշտ աշխատենք, հնարավորինս նվազեցնենք էմոցիաները, սառնասրտորեն մոտենանք, գործերին պրոֆեսիոնալ մոտենանք, որպեսզի կարողանանք մեզ համար ցանկալի ձևով արդյունք ձևավորենք», - «Ազատություն» ՌԿ-ի հետ զրույցում ասել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության երկարաձգման հնարավորությանը։
Ադրբեջանի հայտարարությունը, թե հակամարտությունը կարգավորված է, և ռուսական զորակազմը ժամանակավորապես է տեղակայված Արցախում, Դավիթ Բաբայանի կարծիքով՝ ընդունելի չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության համար։
«Ե՛վ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ, և՛ Ֆրանսիան ամենաբարձր մակարդակով իրենց հայտարարություններում խոսել են Արցախի կարգավիճակի մասին՝ տարբեր համատեքստերում և նշել են, որ կարգավիճակի հարցը դեռևս լուծված չէ՝ սրանով իսկ ուղղակիորեն ընդգծելով, որ Արցախը Ադրբեջան չէ, որ կարգավիճակի հարցը դեռ պետք է լուծվի», - ասել է Արցախի ԱԳ նախարարը։
Նա, սակայն, ակնհայտ է համարել, որ երկար ժամանակ լուծման սպասող Արցախի կարգավիճակի բարդ խնդիրը 2-3 տարում լուծվել չի կարող՝ հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի անփոփոխ քաղաքականությունը։ Այս պայմաններում միջազգային հանրությունը, Դավիթ Բաբայանի խոսքով, պետք է նաև հստակ պատկերացնի, որ Արցախի գոյությունը Ադրբեջանի կազմում՝ ցանկացած կարգավիճակով, պարզապես անհնար է։
«Միջազգային հանրությունն էլ պետք է լավ պատկերացնի, որ սա այն կարմիր գիծն է, որը չի կարելի խախտել։ Այսինքն, եթե միջազգային հանրությունը մտածում է, որ Արցախը կարող է գոյություն ունենալ Ադրբեջանի կազմում՝ ինչ-ինչ կարգավիճակով, ապա դա ունի միայն երկու հետևանք․ մեկը՝ նոր պատերազմ, մյուսը՝ Արցախի բնակչության մասսայական լքում՝ հայաթափում։ Այլ տարբերակ չկա», - ասել է Դավիթ Բաբայանը։
Նա հավելել է, որ թեպետ Ադրբեջանում չափազանց ցանկալի կլիներ այդ տարբերակը, սակայն եթե այնտեղ մտածում են, որ դա հնարավոր է իրականացնել, չարաչար սխալվում են։