28/09/2021 11:34
20 000 դրամանոց ՊՇՌ թեստը 1-2 օրում դարձավ 7 000 դրամ. նշանակում է՝ ժողովրդին այսքան ժամանակ թալանել են, ԱՆ-ում եղել են գերշահույթ հետապնդողներ․ բողոքի ակցիայի մասնակից
Առողջապահության նախարարության դիմաց պատվաստվելու կամ յուրաքանչյուր 14 օրը մեկ ՊՇՌ թեստի արդյունք ներկայացնելու պարտադրանքի դեմ բողոքի ակցիա է ընթանում։ Մասնակիցներից մի քանիսին ոստիկանությունը բերման է ենթարկել։
Ակցիայի նախաձեռնողներից Էմիլ Մարկոսյանը լրագրողներին հայտնեց, որ քաղաքացիներին անհասկանալի պատճառաբանություններով են տարել ոստիկանության բաժին, մեկին, օրինակ, վիրավորանք հնչեցնելու համար, այնինչ քաղաքացին ընդամենը իր կարծիքն է հայտնել, որ պատվաստվելու պարտադրանքը վաղը նաև ուսանողներին է առնչվելու, և հարկավոր է, որ նրանք էլ իրենց ձայնը բարձրացնեն։
Էմիլ Մարկոսյանը տեղեկացրեց նաև, որ իրենք առավոտյան եկել են Առողջապահության նախարարություն՝ նախարարից կամ իրավասու ցանկացած այլ պաշտոնյայից ստանալու շատերին հուզող մի շարք հարցերի պատասխաններ։ Սա երկրորդ փորձն է եղել, կրկին՝ անհաջող, ոչ ոք իրենց չի ընդունել։
«Օրենքի առջև բոլորը հավասար են։ Եթե հասարակ, շարքային քաղաքացին պետք է ենթարկվի պատվաստվելու կամ 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնելու պարտադրանքին, ապա այդ պարտադրանքը պետք է գործի նաև որոշ պաշտոնյաների նկատմամբ, որոնք օրենքով ազատվել են։ Սա արդեն բավարար հիմք է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու մեջ ինքնասիրություն արթնանա», - պարզաբանման ենթակա հարցերից մեկի մասին բարձրաձայնեց Էմիլ Մարկոսյանը։
Մյուս խնդիրը ՊՇՌ թեստերի արժեքին է վերաբերում։
«Ինչպե՞ս է ստացվում, որ մինչև վերջերս 15-20 000 արժողությամբ ՊՇՌ թեստը կախարդական ձևով դարձավ 7-8 000 դրամ։ Փաստորեն, նշանակում է, որ Առողջապահության նախարարությունում այսքան ժամանակ եղել են գերշահույթ հետապնդողներ ու անպատիժ են մնացել։ Ո՞ւմ գրպանն են մտել այդ փողերը։ Ընդամենը եկել էինք դա հարցնելու։ Գուցե իրենց էլ հետաքրքրեր, գտնեին իրենց միջից այդ կոռուպցիոներին, ենթարկեին պատասխանատվության։ 20 000 դրամանոց ՊՇՌ-ն 1-2 օրում դարձավ 7 000 դրամ, նշանակում է՝ ժողովրդին այսքան ժամանակ թալանել են։ Եթե կար գինն էականորեն իջեցնելու հնարավորություն՝ ոչ թե 1 000- 2000 դրամով, այլ՝ էականորեն, ինչո՞ւ մինչև հիմա չեն արել։ Ինչո՞ւ են թալանել բազմաթիվ մարդկանց։ Այդ հարցերին նրանք խիզախություն ու համարձակություն չունեն պատասխանելու», - ասաց Էմիլ Մարկոսյանը։
Նա շեշտեց, որ իրենց ակցիան խաղաղ է, իրենք հակապատվաստումային քարոզ չեն տանում, այլ հիշեցնում են, որ քաղաքացին անձամբ պետք է որոշում կայացնի՝ պատվաստվե՞լ, թե՞ ոչ։
«Այստեղ գտնվողներից ոչ ոք չի ասում, որ չպետք է պատվաստվել։ Մենք ընդամենը ասում ենք, որ այն քաղաքացիները, որոնք չեն ուզում պատվաստվել, ունեն մտավախություններ, որպեսզի ոչ մի պարտադրանք նրանց վրա չգործադրվի։ Շանտաժի բնույթի՝ աշխատանքից ազատելու սպառնալիքներ կամ էժանագին մոտեցումներ չկիրառվեն», - ընդգծեց ակցիայի նախաձեռնողը։