28/09/2021 17:09
Արցախի նախագահը հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ձմեռային տարեշրջանի նախապատրաստական աշխատանքների կազմակերպմանը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 28-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ձմեռային տարեշրջանի նախապատրաստական աշխատանքների կազմակերպմանը:
Հետպատերազմյան շրջանում էլեկտրամատակարարման խնդիրների և դրանց լուծման տարբերակների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել համապատասխան կառույցների ներկայացուցիչները։ Չնայած նրան, որ մի շարք հէկեր և Սոթք-Մարտակերտ օդային գիծը մնացել են թշնամու վերահսկողության տակ, կատարված աշխատանքների արդյունքում էլեկտրամատակարարման խնդիրների մեծ մասն արդեն իսկ լուծված է:
Ըստ մասնագետների՝ 2021-2022 թթ․ձմռանը էլեկտրամատակարարման խափանումներ կարող են լինել միայն վթարների դեպքում:
Երկրի ղեկավարը հանձնարարել է ձմռան տարեշրջանում, հատկապես՝ Գորիս-Ստեփանակերտ հատվածում սահմանել մասնագիտական խմբերի շուրջօրյա հերթապահություն՝ հնարավոր վթարներին արագ արձագանքելու նպատակով: Նախագահը շեշտել է, որ վթարների ժամանակ անհրաժեշտ է առաջին հերթին ապահովել ռազմավարական նշանակության քաղաքացիական օբյեկտների, մասնավորապես՝ բժշկական և կրթական հաստատությունների կայուն էլեկտրամատակարարումը։ Քննարկվող հարցի երկարաժամկետ լուծման ուղղությամբ Արայիկ Հարությունյանը հանձնարարել է մեկ տարում ավարտին հասցնել լրացուցիչ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումը, որը թույլ կտա հետագայում խուսափել անջատումներից։
Անդրադառնալով բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի և գազի դիմաց իրականացվող վճարումներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ 2021 թվականի դեկտեմբերի 1-ից պետության կողմից կսուբսիդավորվի միայն չգազիֆիկացված համայնքների և գազամատակարարում չունեցող շենքերի բնակիչների սպառած էլեկտրաէներգիայի արժեքը: Ինչ վերաբերում է սպառված գազի և կապի ծառայությունների դիմաց վճարումների փոխհատուցմանը, ապա այն կպահպանվի մինչև 2022 թվականի մարտ ամիս՝ ըստ հայտարարված սահմանաչափերի։
Նախագահի մեկ այլ հանձնարարականով՝ ձմեռային տարեշրջանում մայրաքաղաքում և շրջաններում ճանապարհների անցանելիությունն ապահովելու նպատակով՝ ձնամաքրման աշխատանքների կազմակերպմանը կներգրավվեն նաև մի շարք պետական և մասնավոր ընկերություններ: