28/09/2021 12:38
Հնարավորություն տվեք մարդկանց ինքնակամ որոշել՝ պատվաստվե՞լ, թե՞ ոչ․ ոչ ոք իրավունք չունի բռնի ներարկել այն, ինչին մարդը դեմ է․ բողոքի ակցիայի մասնակիցներ
«Յուրաքանչյուր քաղաքացի ինքն իր համար ավելի մտահոգ կլինի, քան ցանկացած իշխանություն։ Թող թույլ տան քաղաքացիներին՝ գնալ իրենց տեղամասային պոլիկլինիկաներում դիմում գրել, որ իրենք հրաժարվում են պատվաստվելուց և հիվանդանալու, Աստված մի արասցե, մահվան դեպքում ոչ մեկին պատասխանատվության չենթարկեն, քանի որ մարդիկ ինքնակամ են գնացել դրան։ Առավել ևս, որ Առողջապահության նախարարը հայտարարել էր, որ պատվաստված լինելը չի երաշխավորում ո՛չ վարակելուց, ո՛չ վարակվելուց, ո՛չ վարակակիր լինելուց։ Հնարավորություն տվեք մարդկանց ինքնակամ որոշել՝ պատվաստվե՞լ, թե՞ ոչ․ ոչ ոք իրավունք չունի բռնի ներարկել այն, ինչին մարդը դեմ է»,- լրագրողների հետ զրույցում ասել է պատվաստվելու կամ յուրաքանչյուր 14 օրը մեկ ՊՇՌ թեստի արդյունք ներկայացնելու պարտադրանքի դեմ բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի դժգոհել է, որ պոլիկլինիկաներում, մարդկանց պատվաստելուց առաջ, համապատասխան հետազոտություններ չեն արվում։
«Մարդիկ գնում են պոլիկլինիկա, ասում են՝ եկել եք պատվաստվելո՞ւ, շատ բարի։ Ո՛չ հետազոտում են նրա հիվանդությունների պատմությունը, թե մարդն ինչ առողջական վիճակում է, ո՛չ հետազոտում են մարդու իմունիտետի կարգավիճակը, գնացեք՝ պատվաստվեք։ Ու ոչ ոք ոչ մի պատասխանատվություն չի կրում։ Ես բժիշկ չեմ, բայց գտնում եմ, որ սա աբսուրդ է»,- ասել է նա։
Ակցիայի մասնակիցների շարքում գտնվող բժիշկն այսպիսի տեսակետ է հայտնել․ «Բժշկական ինստիտուտի ցանկացած ուսանողի հայտնի է, որ բնական իմունիտետն ավելի ուժեղ է, քան արհեստականը, որը ձեռք է բերվում պատվաստման հետևանքով։ Եթե ես հիվանդացել եմ, ունեմ բնական իմունիտետ, ինչու՞ դա հաշվի չի առնվում, ինչու՞ են մարդկանց, որոնք ունեն համակարմինների բարձր մակարդակ, ստիպում պատվաստվել»։
Նա նաև մտահոգություն է հայտնել, որ պատվաստանյութերի բաղադրության կամ դրանց կողմնակի ազդեցության մասին տվյալներ հասարակությանը չեն տրամադրվում։
Մեկ այլ քաղաքացի անդրադարձել է ֆինանսական ծանր բեռին, որը դրվում է հասարակության ուսերին՝ չպատվաստվելու դեպքում ՊՇՌ թեստ հանձնելու պահանջով։
«Եթե ուսուցչին, որն ստանում է 80 000 դրամ, չեն պարտադրում պատվաստվել, ասում են՝ գնացեք, թեստավորվեք, հասկանում՞ եք, թե սովորական ուսուցչի, ցածր աշխատավարձ ստացողի համար ինչ է նշանակում այդ հսկայական գումարը, որը պետք է վճարի 15 օրը մեկ՝ թեստավորման համար»,- ասել է նա։
Ակցիայի մասնակիցներից մեկն էլ մտահոգություն է հայտնել շրջանառվող այն լուրերի առնչությամբ, որ պատվաստված քաղաքացիները 6 ամսվա ընթացքում չեն կարող արյան դոնոր լինել։
«Պատերազմող երկրում դա ազգային անվտանգության սպառնալիք է հանդիսանում»,- ասել է նա։
Բողոքող քաղաքացիները հայտարարել են, որ շարունակելու են պայքարել պարտադրանքի դեմ, որպեսզի, ի վերջո, իրացվի յուրաքանչյուր քաղաքացու՝ իր առողջության հետ կապված որոշում կայացնելու իրավունքը։