29/09/2021 16:42
ՔԿ-ն հրաժարվել է Գորիսի համայնքապետի երկու տեղակալին առաջադրված նախնական մեղադրանքից. Բնակչությանը տրված սոցօգնությունը դիտարկել են որպես դիրքի չարաշահում. «Փաստինֆո»
Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանի, Իրինա Յոլյանի և Գորիսի համայնքապետարանի երկու աշխատակցուհիների գործով նախաքննության ավարտ է հայտարարվել: Փաստաբան Էդգար Արամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ գործը բաղկացած է 9 հատորից, նյութերին ծանոթանալու համար պաշտպանության կողմը 10 օր ժամանակ էր խնդրել, սակայն վարույթն իրականացնող մարմինը սահմանափակ ժամկետ է տրամադրել:
Ի սկզբանե նախաքննական մարմինը Գորիսի համայնքապետի տեղակալներին և համայնքապետարանի երկու աշխատակցուհու մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով՝ վատնման հատկանիշներով, սակայն պաշտպանության կողմի պնդումներից հետո առ այն, որ հափշտակության մասին խոսք լինել չի կարող, քննիչը որոշում է կայացրել մեղադրանքը վերաորակելու մասին՝ նրանց մեղադրանք առաջադրելով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Ընդ որում՝ պաշտպանը նշել է, որ անզգուշությամբ առաջացրած ծանր հետևանք է դիտարկվել 3 մլն 625 հազար դրամը, որը բաժանվել է որպես սոցիալական օգնություն:
Ինչ վերաբերում է քրեական գործի շրջանակներում Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշմանը, ապա փաստաբանը տեղեկացրեց, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, բեկանել էր Յոլյանի լիազորությունները կասեցնելու մասին դատարանի որոշումը և ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:
Նշենք, որ օրենսդրական նոր կարգավորումների համաձայն՝ մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ ունեցող անձանց լիազորությունները դադարեցվում են դատարանի հաստատմամբ, մասնավորապես, քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում դատախազի կամ դատախազի համաձայնությամբ քննիչի կայացրած՝ լիազորությունների կասեցման մասին որոշումը եռօրյա ժամկետում ներկայացվում է դատարանի հաստատմանը: Սույն գործով պաշտոնատար անձանց լիազորությունները կասեցվել են հենց այդ կարգավորումների համաձայն, սակայն առաջին ատյանի դատարանը հարցը քննարկել է՝ առանց պաշտպանության կողմի: Փաստաբան Արամյանը նշեց, որ վերաքննիչ բողոքը ներկայացվել է այն հիմքով, որ պաշտպանական կողմը տեղյակ չի եղել, ինչը դիտարկվում է որպես պաշտպանական իրավունքի խախտում: Վերաքննիչ դատարանը բավարարել է միջնորդությունը՝ արձանագրելով, որ պաշտպանության կողմը ևս պետք է ներկա գտնվի այդ միջնորդության քննությանը: Բացի այդ՝ Իրինա Յոլյանին կալանավորելու մասին միջնորդությունը մերժվել էր՝ կալանավորման հիմքերի բացակայության հիմքով, մինչդեռ, նույն հիմքերը դրվել էր նաև պաշտոնավարման կասեցման մասին միջնորդության մեջ, ուստի, փաստաբանի դիտարկմամբ, նույնական են:
Դատարանը կասեցրել էր նաև համայնքապետարանի աշխատակցուհիներ Սուսաննա Մկրտչյանի և Արմինե Չոպչունցի լիազորությունները, որոնք ևս վիճարկվել են Վերաքննիչ քրեական դատարանում, դատական նիստերը կլինեն առաջիկայում: