29/09/2021 14:26
ԶՊՄԿ-ից 38 անձի հեռացնելու վերաբերյալ որոշումը մերը չէ, կառավարությանն է․ մեզ ոչ ոք չի հարցրել՝ ի՞նչ ենք մենք մտածում այդ մասին․ Ալեքսանդր Ֆելդման
«Հայաստանի Հանրապետության կառավարությունն է այդ որոշումն ընդունել։ Ես կառավարությունը չեմ։ Որոշումը՝ 38 անձանց կոմբինատից հեռացնելու վերաբերյալ, մերը չէ, մեր նախաձեռնությունը չէ։ Մեզ ոչ ոք չի հարցրել՝ ի՞նչ ենք մենք մտածում այդ մասին։ Խոսակցությունը պարզ և կարճ է եղել․ այդ մարդիկ հեռանում են կամ կոմբինատը փակվում է», - «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» 38 աշխատակիցներին աշխատանքի վերադարձնելու պահանջով բողոքի ակցիայի մասնակիցներին այսօր ասել է ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Ֆելդմանը։
ԶՊՄԿ-ի բողոքող աշխատողներն ասել են, որ եթե աշխատանքից ազատված անձինք չվերադառնան, իրենք ևս կդադարեցնեն աշխատանքը։ Ֆելդմանը հորդորել է բոլոր պահանջները գրավոր ներկայացնել։
Հիշեցնենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ հուլիսին ԶՊՄԿ-ից աշխատանքից ազատվել էին այն անձինք, որոնք Սյունիք Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ ակցիաների էին մասնակցել։
Սյունիքում նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անձամբ էր հայտարարել, որ մինչև հուլիսի 15-ը ԶՊՄԿ-ում փոփոխություններ կլինեն։