29/09/2021 15:56
Պետությունը նման «կրախի» առաջ կանգնեցրած իշխանությունը երկրի համար գոյութենական վտանգ է ներկայացնում․ Պատգամավոր
Պնդում ենք՝ պատերազմը և պարտությունն այս իշխանության ոչ կոմպետենտության հետևանքն էր։ Կան նաև այլ գործոններ՝ առերևույթ պետական դավաճանության հետ կապված, ուստի մենք գտնում ենք, որ պետությունը նման «կրախի» առաջ կանգնեցրած իշխանությունը երկրի համար գոյութենական վտանգ է ներկայացնում, 168TV-ի «Ռեվյու» հաղորդմանն ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա ընդգծել է, որ գործող իշխանության հեռացման համար պետք է նկատի ունենալ ու օգտվել խորհրդարանական և արտախորհրդարանական պայքարի բոլոր՝ օրենքով չարգելված տարբերակներից։
«Ընդդիմության ընտրազանգվածում բավականին լայն սպեկտոր ենք տեսնում։ Տեսնում ենք մի խումբ, որն ասում է՝ շպրտե՛ք այդ մանդատները, գնացեք, կռիվ արեք, մեզ էլ դուրս գանք փողոց, մենք էլ կռիվ անենք, և կա մեկ այլ զանգված, որն ասում է՝ դուք հո իրենց «թայը» չեք, ցույց տվեք, որ ավելի սոլիդ եք, ավելի հեռուն եք տեսնում», - ասել է Խաչատրյանը՝ բոլոր պարագաներում արդիական համարելով հանուն իշխանափոխության համար պայքարն ինչպես արտախորհրդարանական, այնպես էլ խորհրդարանական հարթակներում։