29/09/2021 09:53
«Հրապարակ». Սորոսական Խանումյանի նշանակման միջնորդը եղել է Փաշինյանը. Հայաստանից դրական ազդակ չի ստացվել նրան նեղելու հարցում
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանի հարաբերությունները սրվել են։ Հարությունյանի հրահանգով ԱՀ իրավապահները լծվել են Խանումյանի մասնակցությամբ կոռուպցիոն պատմության բացահայտման գործին, ինչը նախագահը չի թաքցնում: Նեղ շրջապատում նա ասել է, որ գործընթացին ստոպ չի տալու․ ժամանակին ընդդիմադիր Խանումյանն իրեն պատեհ-անպատեհ կոռուպցիոներ էր անվանում, հիմա հանրությունը թող տեսնի, թե ով է իրական կոռուպցիոները։
Հիշեցնենք. Արցախի դատախազությունն օրերս հաղորդեց, որ տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով՝ Արցախի մի հյուրանոց պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար, բնակարան չունեցող անձանց փոխհատուցումները։ Մենք գրել էինք, որ խոսքը «Սոֆիա» հյուրանոցի մասին է, բայց խնդիրը ոչ թե հյուրանոցն է, այլ տեղահանվածների խնդրով զբաղվող ԱՀ տարածքային կառավարման նախարարությունը` ի դեմս նախարար Հայկ Խանումյանի, քանի որ այս նախարարությունն է իրականացնում վերահսկողությունը և որոշում շահառուների շրջանակը, և ոչ մի հյուրանոց չի կարող տվյալներ կեղծել։
Որոշ տեղեկություններով, գործընթացն իրականացվել է Խանումյանի օգնական ոմն Անգելի միջոցով, որը նաև պատերազմի մասնակից է։ Մեզ ասացին նաև, որ կիրակի օրը Խանումյանն ու Հարությունյանը հանդիպել են: Թե ինչ են խոսել՝ մանրամասներ հայտնի չեն։ Սակայն խորհրդանշական է, որ երեկ Խանումյանի ղեկավարած նախարարությունը հաղորդագրություն տարածեց, կոչ անելով դատախազությանը և Քննչական կոմիտեին՝ «չվերածվել դեղին մամուլի մասնաճյուղերի»: Ոմանք տպավորություն էին ստացել, որ Հարությունյանն ու Խանումյանը հաշտվել են և որոշել ջրել գործը՝ քավության նոխազ դարձնելով իրավապահներին։
Հիշեցնենք՝ սորոսական Խանումյանի նշանակման միջնորդը եղել է Փաշինյանը, հավանաբար, Հարությունյանը Հայաստանից դրական ազդակ չի ստացել նրան նեղելու հարցում»։