29/09/2021 12:10
Առանց Արցախի՝ բացառվում է հայկական պետականության բարեկեցիկ ապագան․ ՀՀ-ում Արցախի ներկայացուցիչ
«Արցախի Հանրապետություն» տերմինը չօգտագործող քաղաքական իշխանությունը մի տեսակ ոչ ադեկվատ վերաբերմունք է ցուցաբերում Արցախին առնչվող հարցերի քննարկման ժամանակ։ Մենք նկատում ենք, որ փորձ է արվում Արցախ անունը հնարավորինս չօգտագործել Հայաստանի խորհրդարանում, էլ չասեմ՝ Արցախի հետ կապված կամ Արցախին առնչվող խնդիրները։ Եվ ստացվում է, որ մենք պատերազմից մեկ տարի անց ունենք հնարավորություն, տրամադրություն՝ «գունագեղ» և այլ միջոցառումներ կազմակերպելու համար, բայց Արցախին առնչվող հարցերի մասով առնվազն կաղում ենք՝ որպես Հայաստանի Հանրապետություն։ Մեր այս քննարկումն նաև ի հեճուկս նաև այդ վերաբերմունքի է, Արցախի քաղաքացիների, թշնամու կողմից օկուպացված տարածքների բնակիչների իրավունքների պաշտպանության խնդրի շուրջ հանձնաժողովի նախաձեռնած քննարկման ժամանակ ասաց ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ՄԻ և հանրային հարցերի հանձնաժողովի կազմակերպած արդեն երրորդ քննարկմանը, որոնցից երկուսն Արցախին են վերաբերել, իշխող ՔՊ խմբակցության ոչ մի պատգամավոր չի մասնակցել։
«Փաստորեն, իշխող խմբակցության պատգամավորներին նման հրատապ հարցերը պարզապես չեն հետաքրքրում», - ասաց նա։
Պատգամավորը քննարկմանը ներկա ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանից հետաքրքրվեց, թե տեղյակ է արդյոք նա՝ ինչ պատճառով ՀՀ բարձրաստիճան ներկայացուցիչները պատերազմից հետո չեն այցելում Արցախ։
«Խնդիրը գերի ընկնելու վա՞խն է, Ալիևի արգե՞լքը, թե՞ այլ պատճառ կա», - հարցրեց Արեգնազ Մանուկյանը։
Սերգեյ Ղազարյանն ի պատասխան ընդգծեց, որ բոլոր պարագաներում կարևոր է այն գիտակցումը, որ առանց Արցախի՝ հայկական պետականության ապագան դժվար է պատկերացնել։
«Չեմ կարող գնահատական տալ, բայց կարող եմ մի բան փաստել, որ առանց Արցախի՝ բացառվում է հայկական պետականության բարեկեցիկ ապագան որևէ մեկն ընկալի։ Եվ բոլոր ջանքերը՝ դրանք կապված կլինեն Արցախ այցելելու հետ, թե առանց այցելելու, պետք է գործադրել այս ուղղությամբ աշխատելու համար», - ասաց նա։
«Հայաստան» խմբակցության պատգամնավորն անդրադարձավ նաև Գորիս-Կապան ճանապարհահատվածին ադրբեջանցի ոստիկանների կողմից իրանցի վարորդների նկատմամբ իրականացվող ապօրինի գործողություններին՝ ասելով, որ շատ իրանցի վարորդներ այդ խնդրի պատճառով խուսափում են նշված ճանապարհով Արցախ բեռներ տեղափոխել։
ՀՀ-ում Արցախի ներկայացուցչից պատգամավորը հետաքրքրվեց, թե իրենք տեղյա՞կ են այդ ուղղությամբ Հայաստանի իշխանության ձեռնարկած քայլերից։
«Ինչ վերաբերվում է նման հարցերի քննարկմանը, որոնք տեղի են ունենում ՀՀ և Իրանի միջև, պարզ է, որ մենք մանրամասն տեղյակ չենք։ Որքանով գիտենք՝ նոր ճանապարհի կառուցման հետ կապված ծրագիրը պետք է իրականացվի։ Ամեն դեպքում, գիտենք, որ Ադրբեջանը շարունակելու է նման սադրանքները տարբեր ուղղություններով, և միշտ պետք է պատրաստ լինենք, թե ոնց պետք է դիմակայենք այդ խնդիրներին», - ասաց Սերգեյ Ղազարյանը։