29/09/2021 18:15
Գործնականում պարզապես անհնար է, որ Պաշտպանության նախարարությունը և Գլխավոր շտաբը միավորվեն. ռազմական վերլուծաբան
Գործնականում պարզապես անհնար է, որ Պաշտպանության նախարարությունը և Գլխավոր շտաբը միավորվեն, որովհետև դրանք տարբեր գործառույթներ են իրականացնում։ Որևէ երկրում չի ստացվել նման բան անել, որովհետև այդ երկուսն իրենց նպատակներով տարբեր են, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական վերլուծաբան Դավիթ Հարությունովը՝ խոսելով երկու կառույցների հնարավոր միավորման մասին։
«Կան ֆունկցիաներ, որոնք անհնար է, որ Գլխավոր շտաբը կատարի։ ԳՇ-ն հիմնականում զբաղվում է օպերատիվ կառավարմամբ։ Այժմ, կարծես, փորձ է արվում վերադառնալ անցյալին, երբ գլխավոր անձը Պաշտպանության նախարարն էր։ Բայց երկու կառույցների միավորմամբ թափանցիկության նվազեցման հարց է ծագում»,- ասաց Հարությունովը։
Ռազմական վերլուծաբանը միաժամանակ տեսակետ հայտնեց, որ ՊՆ-ի և ԳՇ-ի տարանջատման տրամաբանությունը Հայաստանում այդքան էլ լավ չի աշխատել։
«Իսկ տրամաբանությունը ԶՈՒ կառավարման համակարգից քաղաքական պաշտոն ունեցող նախարարին հանելն էր, և դա կապահովվի ԶՈւ-երում քաղաքացիական վերահսկողություն։ Բայց, իրականում, մենք տեսել ենք, որ Պաշտպանության բոլոր նախարարները եղել են նախկին զինվորականներ։
Ուզում եմ ասել, որ այս ամենը տեսականորեն նպատակ է ունեցել կրկնելու եվրոպական մոդելը, սակայն այն Հայաստանի պայմաններում այնքան էլ չի աշխատել և գործնականում նախարարը շարունակել է կարևորագույն դեր կատարել թե՛ կառավարման տեսանկյունից, թե՛ ԶՈՒ-երի ղեկավարման»,- ասաց ռազմական վերլուծաբանը։