29/09/2021 15:38
Փաշինյանը չի կարող հաշվի չնստել ռուսական ներկայության հետ, այդ պատճառով էլ Սյունիքի միջանցքը բացելու իր խոստումը կյանքի կոչել չի կարողանում․ փորձագետ
Փաշինյանն ինչ-որ բաներ է խոստացել, և այդ խոստումը պետք է ավարտին բերի։ Խոստացածի մի մասն է տվել, ինչ-որ մի հատված չի տվել, լրագրողների հետ հանդիպմանն այսօր կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։
«Հիմա գերխնդիրը Սյունիքի չարաբաստիկ միջանցքն է։ Եթե այդ միջանցքն աշխատի, Գեղարքունիքը մի քանի տարի հետո, առանց որևէ կռվի, հեշտությամբ կդառնա թուրքական կամ ադրբեջանական․ թե երկուսից որը, արդեն էական չէ։ Թուրք-ադրբեջանական կողմի և նրան թիկունք կանգնող, ուղղորդող բրիտանական էլիտայի համար խնդիր է ստիպել այս թրքացածներին՝ կատարել խոստումը և, քանի դեռ սրանք իշխանության են, ստանալ առավելագույնը», - ասաց նա։
Սյունiքի միջանցնքն, ըստ ռազմական փորձագետի, մինչև այժմ չի բացվել միայն պատերազմից հետո ռուսական ներկայության շնորհիվ, քանի որ այդ միջանցքի բացումը հակասում է ՌԴ շահերին, բացի այդ, խնդիր է նաև իրանական կողմի համար։
«Դա ոչ միայն Ռուսաստանը ռեգիոնից դուրս մղելուն ուղղված քայլ է, այլև ռուսական հարավն ապակայունացնելու, ռուսական պետությունը կազմաքանդելուն ուղղված մեծ ծրագրի մի մասն է։ Նաև իրանական պետականությունը թուլացնելուն ուղղված մեծ ծրագրի մի մասն է», - ասաց Ջամալյանը։
Նրա խոսքով՝ Արաքսի հովտում թուրք-ադրբեջանական կողմից որպես փախստական ներկայացվող, սակայն ահաբեկչական տարրեր հանդիսացողների վերաբնակեցման ծրագրին զուգահեռ Սյունիքի միջանցքի բացումը ի վերջո կհանգեցնի նրան, որ ամբողջ Արաքսի հովիտը՝ Սյունիքով, կանցնի թուրքական վերահսկողության տակ, ռազմավարական մեծագույն արժեք ունեցող ռեգիոնը կդառա թրքապատկան՝ վերահսկելի բրիտանական էլիտաների կողմից, իսկ բնակեցված ահաբեկչական ռեսուրսի միջոցով հարվածներ կարող են հասցվել նաև Իրանին ու Ռուսաստանին։
«Այսինքն, սա Իրանի ու Ռուսաստանի համար գոյաբանական հարց է, դրա համար էլ ռուսական կողմն իր ներկայությամբ թույլ չի տալիս այդ միջանցքի բացումը, իսկ հայկական կողմը, թեպետ այստեղ դժվար է ասել հայկական կողմ, նիկոլական կողմը չի կարող հաշվի չնստել ռուսական ներկայության հետ։ Հենց այդ պատճառով էլ իր այդ խոստումը կյանքի կոչել չի կարողանում, թեպետ համառորեն փորձում է», - նշեց փորձագետը։