29/09/2021 15:02
ՊՆ-ի և ԳՇ-ի միավորման ռիսկերից մեկը ռազմական հեղաշրջման դեպքում իշխանությունը զինվորականներին անցնելն է. ռազմական փորձագետ
Ռազմական ոլորտում քաղաքական և ռազմական կառույցների տարանջատումը ժողովրդավարության հիմքերից մեկն է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով Պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի հնարավոր միավորման թեմային։
«Այսինքն՝ այն, որ մի գեղեցիկ օր Հայաստանում Գլխավոր շտաբը տարանջատվել է Պաշտպանության նախարարությունից, դա արվել է Եվրոպայի առջև ունեցած մեր պարտավորությունների շրջանակում։ Այժմ դա փոխելն այնքան էլ հեշտ բան չէ։ Այնպես որ, գոնե այս պահի դրությամբ այստեղ ավելի շատ տեսնում եմ ինչ-որ մեկի անձնական շահերի առաջմղումը», - ասաց մեր զրուցակիցը։
Կարեն Վրթանեսյանը շեշտեց՝ ՊՆ-ի և ԳՇ-ի տարանջատումն արված է այն բանի համար, որպեսզի ռազմական հզոր մեքենայի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունն ավելի արդյունավետ լինի։
«Միավորման հանրահայտ ռիսկերից մեկն այն է, որ մի գեղեցիկ օր կարող է ռազմական հեղաշրջում լինի, և իշխանությունն անցնի զինվորականներին։ ՊՆ-ի և ԳՇ-ի տարանջատմամբ այսպիսի հավանականությունը նվազեցվում է։ Հենց այդ պատճառով է, որ եվրոպական բոլոր երկրներում այդ տարանջատումը կա», - ասաց ռազմական փորձագետը։