29/09/2021 11:27
2011-ին ՊՆ-ի կողմից չընդունված, անսարք զինամթերքը 2018-ին այս իշխանությունների օրոք է գնվել, և կոռուպցիոն ռիսկը այս իշխանության վրա է․ Սեյրան Օհանյան
ԱԱԾ-ն պետք է բարի լիներ կամ այնքան ազնիվ լիներ, որ ասեր՝ 2011 թվականին ՊՆ-ի կողմից չընդունված, անսարք, բայց ի պահ վերցված զինամթերքն արդեն 2018 թվականին, այս իշխանությունների օրոք, գնվել է ՊՆ-ի կողմից, և հասցված վնասը, այդ կոռուպցիոն ռիսկը այս իշխանությունների վրա է, 24news.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«2011 թվականին համապատասխան մատակարար կազմակերպությունը ԶՈՒ-ին մատակարարել է ավիացիոն զինամթերք։ Մատակարարված զինամթերքի 30 տոկոսը, որը պիտանի է եղել, Զինված ուժերը, վարչության համապատասխան մասնագետներն ընդունել են և դրա համար ՊՆ-ն վճարել է։ Մնացած 70 տոկոսը, քանի որ անսարք և անպիտան է եղել, մատակարար կազմակերպության խնդրանքով մենք ԶՈՒ հրթիռահրետանային սպառազինության պահեստներում վերցրել ենք ի պահ՝ այն պայմանով, որ մատակարար կազմակերպությունը համապատասխան թույլտվություն ձեռք կբերի այդ զինամթերքը այլ երկիր տարհանելու համար։ Զինամթերքն ի պահ ենք վերցրել, որովհետև այն պայթյունավտանգ, հրդեհավտանգ է։ Դրանք կարող էին վերցնել այն ժամանակահատվածում, երբ մատակարարող կազմակերպությունը լիցենզիա ձեռք կբերեր այլ երկիր տարհանելու համար», - ասել է Օհանյանը:
Սեյրան Օհանյանը հայտնել է նաև, որ նշված անպիտան հրթիռները արդեն նոր իշխանության օրոք՝ 2018 թվականին, կրկնակի բարձր գնով գնվել են, և այն վնասը, որը պատճառվել է պետությանը, պատճառվել է հենց 2018 թվականի այդ գործարքով։
«2018 թվականին այս իշխանությունների օրոք այդ հրթիռները, այդ զինամթերքն ընդունվել է ՊՆ բալանս և կրկնակի բարձր գներով ՊՆ-ն գնել է այդ զինամթերքը։ Եվ այդտեղ (ԱԱԾ հայտարարությունում-խմբ․) նշված տեղեկությունները՝ նաև գումարային, քանակային ու գնային առումով, վերաբերում են 2018 թվականին», - ասել է նա։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԱԾ-ն տարածել էր հաղորդագրություն, որում նշվում էր, որ ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության պետի պաշտոնը զբաղեցնող բարձրաստիճան զինվորականը ժամկետանց հրթիռներ է մատակարարել բանակին․ շահագործման ժամկետից դուրս եկած այդ հրթիռների մի մասը չի կրակել և դուրս է հանվել հաշվեկշռից, մնացածն ընդհանրապես չի կիրառվել՝ նաև 44-օրյա պատերազմի ժամանակ։