29/09/2021 12:22
Պատերազմում զոհվել է Արցախի 742 զինծառայող, 45 զինծառայող համարվում է անհետ կորած, գերեվարման մեջ է 38-ը․ Ղազարյան
44-օրյա պատերազմում զոհվել է Արցախի Հանրապետության 742 զինծառայող, Արցախի քաղաքացիություն ունեցող 45 զինծառայող մինչ օրս համարվում է անհետ կորած, սպանվել է 80 քաղաքացիական անձ, որոնցից 42-ը՝ թիրախային հարվածների հետևանքով, գերեվարման մեջ է 38-ը, ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի կազմակերպած քննարկմանը հայտարարեց ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը։
Սերգեյ Ղազարյանը ներկայացրեց նաև թշնամուն անցած տարածքներից տեղահանվածների տվյալները։
«Պատերազմի հետևանքով ունենք մոտ 42 000 տեղահանված, որոնցից 38 154 քաղաքացի զրկվել է բնակավայրից ու անշարժ գույքից։ Տեղահանվածներից 15 000–ը Ստեփանակերտում է, 5 000-ը՝ Արցախի շրջաններում։ Տեղահանված ու ՀՀ-ում ժամանակավոր բնակություն հաստատածները 20 717-ն են, նրանց 30 տոկոսը բնակություն է հաստատել Երևանում, 70-ը՝ մարզերում», - ասաց նա։
Նրա խոսքով՝ Արցախի ենթակառուցվածքներին պատճառված վնասը նույնպես մեծ է․ հեռահաղորդակցության ոլորտը, միայն նախնական տեղեկություններով, 42 միլիոն 600 000 դրամից ավելի վնաս է կրել, լրջորեն տուժել է 1226 տնտեսվարող սուբյեկտ, որոնք գործունեություն էին իրականացնում Ադրբեջանի կողմից զավթված տարածքներում։ Էներգետիկ համակարգում 36 գործող ՀԷԿ-երից մնացել է միայն 6-ը։
Սերգեյ Ղազարյանը նշեց նաև, որ Արցախի գյուղատնտեսական նշանակության վարելահողերի 75 տոկոսն անցել է թշնամուն, հայկական պատմամշակության ժառանգության 2 000–ից ավելի հուշարձան վտանգված է, դրանց թվում՝ 13 վանական համալիր, 122 եկեղեցի, 523 խաչքար, 52 ամրոց։
Նշենք, որ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի կազմակերպած քննարկումը նվիրված էր Արցախի քաղաքացիների, թշնամու կողմից օկուպացված տարածքների բնակիչների իրավունքների պաշտպանությանը։