29/09/2021 17:10
Փաշինյանն ասում էր, որ «Վեոլիա Ջուր» ընկերության հետ պայմանավորվել են՝ մինչև 2024 թվականը ջրի սակագինը չբարձրացնել․ ինչպե՞ս է այդ դեպքում ջրի գինը բարձրանում․ պարզաբանում է ՀԾԿՀ նախագահը
«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն օգոստոսի սկզբին դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ առաջարկելով ջրի սակագինը 1 խ/մ-ի համար 180 դրամի փոխարեն դարձնել մոտ 223 դրամ։
ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սակագնի բարձրացման խնդրին։
Հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ ջրի գինը բարձրանում է, եթե 2018 թվականին Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ «Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանավորվել են, որ մինչև 2024 թվականը սակագինը չբարձրանա, Բաղրամյանը պատասխանեց, թե գործող գինը պահպանել հնարավոր կլինի միայն բյուջեի մուտքերի հաշվին։
«Մենք կարող ենք նաև մինչև 2035 թվականը չբարձրացնել՝ պետական բյուջե չվճարելով համապատասխան վարձակալության վճարները։ Այսինքն, եթե բյուջեում կան ֆինանսական միջոցներ, չուզել մոտ 6,8 մլրդ վարձակալության վճարը ու նույնիսկ իջեցնել սակագները։ Դրանք տարբերակներ են, որոնք պետք է քննարկել՝ ելնելով բյուջեի հնարավորություններից և անհրաժեշտությունից։
1 խ/մ-ի համար 180 դրամ սակագինը մոտ 3 տարի պահպանվել է՝ ելնելով վարձակալության վճարների նվազումից։ Եթե կընտրվի այդ քաղաքականությունը, որ էլի նույն գինն ենք վճարելու, դա հնարավոր է, բայց դա կլինի բյուջեի մուտքերի հաշվին։ Ճիշտ ու նպատակահարմար չեմ համարում, որպեսզի բյուջեի հաշվին ջրի գինն ավելի քիչ վճարենք։ Սա սխալ ազդակ է, իմ կարծիքով»,- ասաց նա։