29/09/2021 16:15
Վարչապետի լուսանկարին կից վիրավորանք հասցնելու փաստով արդեն երկու քրեական գործ է քննվում
Ֆեյսբուքում վարչապետի լուսանկարին կից վիրավորական արտահայտություն թույլ տալու համար միայն Ավան-Նոր Նորքի քննչական բաժնում ծանր վիրավորանք հասցնելու հոդվածով արդեն երկու քրեական գործ է քննվում, հայտնում է «Ազատություն» ՌԿ-ն։
Քրեական օրենսգրքում վերջերս ավելացված 137.1՝ ծանր վիրավորանք հասցնելու հոդվածով առաջին քրգործի մասին հայտնի է դարձել անցած շաբաթ։ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վարդան Ավագյանը «Ազատությանն» ասել է, որ գործում դեռևս կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա։ Օգտատերը ոչ թե վարչապետի, կառավարության կամ այլ պաշտոնական էջերում է գրառում կատարել, այլ՝ իր անձնական էջում։
Ոստիկանությունը լրատվամիջոցին չի մանրամասնել, թե իրավապահները քննո՞ւմ են նույնաբովանդակ այլ գործեր և թե ով ու ինչպես է որոշում՝ որ արտահայտությունն է վիրավորական։
Նշենք, որ նախօրեին «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն էր հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի հասցեին վիրավորական մեկնաբանություն գրած ֆեյսբուքյան օգտատիրոջ դեմ քրեական գործ է հարուցվել։
Կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ էր արել անհապաղ դադարեցնել զրպարտությունը քրեականացնող հակասահմանադրական օրենսդրության (պետական պաշտոնյաներին ուղղված «ծանր վիրավորանքների» քրեականացումը) կիրառումը։