29/09/2021 18:20
Իրան-Ադրբեջան հարաբերություններում կա լարվածություն. եթե այն շարունակվի, ամեն փոքր կայծից կարող է մեծ կրակ բռնկվել․ իրանցի քաղաքագետ
«Վերջերս Իրանի և Ադրբեջանի տարբեր պաշտոնյաների ելույթներից նկատվում է, որ իրանա-ադրբեջանական հարաբերություններում կա որոշակի լարվածություն, որն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունից հետո կարող է ավելի խորանալ։ Երկու կողմն էլ պետք է թուլացնեն լարվածությունը, որովհետև, եթե այն շարունակվի, շատ վտանգավոր իրավիճակ կարող է ստացվել և ամեն փոքր կայծից կարող է մեծ կրակ բռնկվել»,- «Սպուտնիկ Արմենիայի» հետ զրույցում կարծիք է հայտնել իրանցի քաղաքագետ Փույա Հոսեյնին։
Նշենք, որ Ալիևը Ադրբեջանի հետ սահմանին անցկացվող իրանական զորավարժությունների առնչությամբ ասել էր, որ իրենք ցանկանում են, որպեսզի տարածաշրջանում չստեղծվի այնպիսի իրավիճակ, որը կարող է հարված հասցնել երկարաժամկետ համագործակցությանը, նաև մտահոգություն էր հայտնել, թե ինչու են այդ զորավարժությունները հիմա անցկացվում։
«Ադրբեջանի հետ սահմանին անցկացվող զորավարժություններով Իրանն ուզում է ցույց տալ, որ սահմանին ամեն ինչ վերահսկում է․ Ադրբեջանի ցանկացած անխոհեմ քայլ կարող է համարժեք պատասխան ստանալ։ Բացի այդ, արցախյան պատերազմից հետո Իրանն ուշադրությամբ հետևում է տարածաշրջանային զարգացումներին»,- նշել է քաղաքագետը։
Նա հավելել է, որ իրանական կողմը մտահոգված է նաև Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի համատեղ զորավարժություններով, այդ թվում՝ Կասպից ծովում:
«Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան համատեղ զորավարժությունները Իրանի սահմանին, իրանական բեռնատարների վարորդների համար ստեղծված խոչընդոտները Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում, իրանցի վարորդների ձերբակալությունը իրավիճակը սրեցին, և հիմա Իրանը պատրաստվում է բոլոր հնարավոր սցենարներին»,- նշել է կայքի զրուցակիցը։