30/09/2021 15:08
Միայն այս տարի Հայաստանը դրսից 100 000 տոննա ցորեն կներկրի, որքան ներկրում էր Արցախից․ կորցրել ենք մոտ 130-150 միլիոն դոլարի մեկ տարվա արտադրանք․ Բերբերյան
Միայն այս տարի Հայաստանը դրսից 100 000 տոննա ցորեն կներկրի․ հենց այդքան էին մենք ներկրում Արցախից, հրավիրված ասուլիսում հայտարարեց «Ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանը՝ ներկայացնելով, թե ըստ հաշվարկների, որքան վնաս են կրել Հայաստանի ու Արցախի տնտեսությունները պատերազմում բազմաթիվ տարածքներ կորցնելու հետևանքով։
«Իրոք, լուրջ հարված է մեր տնտեսությանը։ 2 200 հեկտար խաղողի, 300 հեկտարի՝ արքայաթուզի, նաև դեղձի, ծիրանի այգիներ ենք կորցրել։ Միայն մեկ տարվա մեր արտադրանքի արժեքը մոտ 130-150 միլիոն դոլար էր կազմում՝ ներառյալ անասնապահությունը, արոտավայրերը, անասնագլխաքանակը։ Մենք կորցրել ենք մոտ 130-150 միլիոն դոլարի մեկ տարվա արտադրանք՝ չհաշված Արցախում մնացած գյուղատնտեսական տեխնիկան», - ասաց Բերբերյանը։
Տնտեսությանը պատճառված այս վնասներից բացի՝ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում, «Ագրարագյուղացիական միավորման» նախագահի խոսքով, արդեն 3-րդ տարին է՝ խոստումներից բացի, ոչինչ չի կատարվում, փոխարենը գնաճն ավելի ու ավելի է զգացնել տալիս։
«Խորհուրդ կտամ՝ գնան շուկա, տեսնեն, թե ինչպես է կաղամբը անցյալ տարվանից 5 անգամ թանկացել, նույնը՝ գազարը, կարտոֆիլը, մսամթերքը, որը գարնանն ավելի կթանկանա, այն դեպքում, երբ մեկ տարում 100 000 մարդ գնացել է Հայաստանից, այսինքն՝ սպառողները պակասել են», - նշեց նա։
Բերբերյանը հարց բարձրացրեց նաև, թե ինչպե՞ս տեղումնառատ տարում սրվեց ոռոգման ջրի խնդիրն ու «արհեստական» երաշտ առաջացավ։
«Այս արհեստական երաշտի պատմությունը շատ շուտով ջրի երես է դուրս գալու․ թե ոնց եղավ, որ հորդառատ անձրևներից ու սարերում ձյան բավականին հաստ շերտից հետո մենք ունեցանք արհեստական երաշտ։ Ո՞ւր գնաց այդ ջուրը․ թող գան, պատասխան տան։ Չէ՞ որ այդ ջրօգտագործող ընկերությունների, ջրամբարների տեր-տիրականը Տարածքային կառավարման նախարարությունն է։ Այդքանից հետո էլ չեն էլ ամաչում, Սևանից ջուր են վերցնում», - ասաց Բերբերյանը։