30/09/2021 11:21
Մայր ԲՈՒՀ-ի «սորոսականացում» է տեղի ունենում․ ԵՊՀ դոցենտ
ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասել է, որ իշխող ՔՊ-ի կողմից մայր ԲՈՒՀ-ի գրավման գործընթացը, որն սկսվել է 2018 թվականի իշխանափոխությունից հետո, այժմ եզրափակիչ փուլին է հասել։
«Նոյեմբերի 9-ի հրադադարից հետո համալսարանականներն արդարացիորեն իրենց բողոքը արտահայտեցին, գիտական խորհուրդը պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչը տեղի չունեցավ։ Ավելին, նույն քաղաքական ուժը՝ Փաշինյանի գլխավորությամբ, 2020թ. ընտրություններին հաղթեց, և սա այն ազդակը եղավ, որ մայր բուհը պետք է վերցնել տոտալ վերահսկողության ներքո՝ հնարավոր ըմբոստության, ոչ ցանկալի իրավիճակների առաջն առնելու համար: Դա արտահայտվեց նրանով, որ քաղաքական իշխանության ներկայացուցիչը իրենց կողմից գործուղվեց ԵՊՀ՝ որպես ռեկտորի ժ/պ: Այդ գործընթացը ամբողջովին ապօրինի էր․ երեք հոգանոց ժամանակավոր կառավարման խորհուրդ ստեղծվեց, որն էլ, առանց մրցույթի, փակ, գաղտնի պայմաններում նշանակեց ժ/պ, նա էլ հիմա պատրաստվում է իրականացնել ռեկտորի ընտրություններ: Այսինքն՝ ինքն իրականացնելու է ռեկտորի ընտրություն, ինքն առաջադրվելու է, ինքն էլ անելու է ամեն ինչ, որ անցնի», - ընդգծել է Սողոմանյանը։
Ըստ նրա, եթե իշխանությանը հաջողվում է իր մարդուն բերել ԵՊՀ, ուրեմն մայր ԲՈՒՀ-ի հետ ցանկացած բան կարող է անել: Այժմ, դոցենտի խոսքով, ազգային կառույց ԵՊՀ-ի «սորոսականացում» է տեղի ունենում՝ որոշ ՔՊ-ականների ու «քաղհասարակության» հայտնի ներկայացուցիչների կողմից։
« «Սորոս» բառի, որը հասարակ անուն է արդեն դարձել, իմաստն է՝ ազգային ինքնության դեմ տարվող նախագծեր, միջոցառումներ: Այսինքն՝ հիմնականում երիտասարդության շրջանում տանել գաղափարական այնպիսի աշխատանք, որի արդյունքում երիտասարդության ինքնությունից կնվազի ազգային բաղադրիչը, փոխարենը երիտասարդները կոսմոպոլիտական, գլոբալիստական օրակարգ կգնան: Պայմանական Սորոսը սա է: Հիմա ես կնշեմ երեք էպիզոդի մասին, որոնք տեղի են ունեցել այս կարճ ժամանակաշրջանում, ինչ Հովհաննես Հովհաննիսյանը դարձել է ԵՊՀ ռեկտորի ժ/պ:
Կարծեմ օգոստոսի վերջերին էր, որ ԵՊՀ ռեկտորատից մեր համալսարանական էլեկտրոնային հասցեներին հաղորդագրություն եկավ, որ «Թրանսփերենսի ինթերնեյշընըլ» ընկերության հետ միասին Արցախում համալսարանականները հանդես գան տարբեր թեմաներով դասախոսությամբ: Երկրորդը՝ գործընկերներիցս նկատել են այդ նույն գաղափարախոսական դաշտում հանդես եկող պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանին՝ ելումուտ անելիս համալսարան, համալսարանի հոգաբարձուների խորհրդի աշխատասենյակ։ Ինչո՞ւ է ելումուտ անում, ունի՞ այդ իրավունքը։ Սրանք հարցեր են, որոնք պետք է պարզվեն: Եթե նման բան չի եղել, թող հայտարարի: Երրորդ էպիզոդը՝ Դանիել Իոաննիսյանին են նկատել համալսարանում՝ հերթով ուսանողների խմբերին մոտենալով, նրանց հետ շփվելով… Այդ «քաղհասարակության» դառը պտուղները մենք այսօր ճաշակում ենք»,- ասել է Մենուա Սողոմոնյանը: